ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա և հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները սուր քննադատության է արժանացել Ուկրաինայում և Կիևի եվրոպացի աջակիցների շրջանում։ Ըստ Politico-ի՝ պատճառը նրա հայտարարությունն է, որում Վլադիմիր Պուտինին անվանել է «քաղաքականության գրոսմայստեր» և ասել, թե Ռուսաստանի նախագահը զսպվածություն է ցուցաբերել միջուկային զենքի կիրառման հարցում։

Քուշներն այս մասին խոսել է «Axel Springer» մեդիաընկերության գլխավոր տնօրեն Մաթիաս Դյոպֆների «MD Meets» փոդքասթում, որը հրապարակվել է չորեքշաբթի։ Նա հակամարտությունը բնութագրել է որպես փաստացի միջնորդավորված պատերազմ, որտեղ Եվրոպան ֆինանսավորում և զինում է Ուկրաինային՝ Ռուսաստանին դիմակայելու համար։

Նույն հարցազրույցում Քուշները գովել է ռուս բանակցող Կիրիլ Դմիտրիևին՝ նրան անվանելով «անհավանական ընկեր»։ Նա նաև քննադատել է Թրամփի հասցեին Զելենսկու նախկին հայտարարությունները։

Ուկրաինայի Գերագույն ռադայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ալեքսանդր Մերեժկոն այս հայտարարությունները չափազանց վտանգավոր է համարել թե՛ Ուկրաինայի, թե՛ ԱՄՆ ազգային շահերի համար։ Վլադիմիր Զելենսկու «Ժողովրդի ծառա» կուսակցությունը ներկայացնող պատգամավորը նշել է, որ վաղուց է կողմ բանակցային գործընթացում Քուշներին և ԱՄՆ մյուս հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին փոխարինելուն։

Մերեժկոյի կարծիքով՝ Վաշինգտոնի երկու ներկայացուցիչներն էլ Ուկրաինային նայում են «Պուտինի աչքերով»։ Նա նաև կոչ է արել Քուշներին հեռացնել Մոսկվայի հետ բանակցություններից։

«Ժողովրդի ծառա» կուսակցության մեկ այլ ներկայացուցիչ՝ Գալինա Յանչենկոն, հակամարտությունը որպես միջնորդավորված պատերազմ ներկայացնելն անվանել է իրականության խեղաթյուրում։ Ըստ նրա՝ այդ մոտեցումը ժխտում է Ուկրաինայի ինքնուրույն դերը։ Յանչենկոյի խոսքով՝ հարցազրույցում Քուշները փաստացի պաշտպանել է ռուսական շահերը։

Քննադատություն է հնչել նաև Եվրոպայից։ Գերմանիայի Բունդեսթագի՝ Քրիստոնեա-դեմոկրատական միությունը ներկայացնող պատգամավոր Ռոդերիխ Կիզեվետերը հայտարարել է, որ Թրամփի օրոք Վաշինգտոնն անաչառ միջնորդ չէ և միակողմանի ճնշում է գործադրում Կիևի վրա։ Նրա գնահատմամբ՝ ԱՄՆ-ն գործող նախագահի օրոք բռնել է Ռուսաստանի կողմը։

Եվրախորհրդարանի անվտանգության և պաշտպանության հանձնաժողովի նախագահ Մարի-Ագնես Շտրակ-Ցիմերմանը հակամարտությունը որպես միջնորդավորված պատերազմ ներկայացնելն անվանել է «մաքուր կրեմլյան քարոզչություն»։ Նրա համոզմամբ՝ նման հայտարարություններից հետո դժվար է Քուշներին չեզոք միջնորդ համարել։

Յանչենկոն նախազգուշացրել է՝ գլխավոր վտանգն այն է, որ ամերիկյան բանակցային թիմը կարող է հավատալ հարաբերությունները բարելավելու հնարավորության մասին ռուսական հայտարարություններին։ Նրա կարծիքով՝ Մոսկվայի հետ հարաբերությունների ջերմացման մասին խոսելով՝ Պուտինը կարող է փորձել ազդել Վաշինգտոնի դիրքորոշման վրա։