Սանկտ Պետերբուրգի Պուշկինի շրջանի շինհրապարակներում անցկացված կանխարգելիչ ստուգումների ընթացքում իրավապահները ստուգել են 129 օտարերկրյա քաղաքացու։ Միգրացիոն օրենսդրության խախտումների համար ինը մարդ տեղափոխվել է ոստիկանություն, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ՌԴ ՆԳՆ տարածաշրջանային գլխավոր վարչության մամուլի ծառայությանը։
Ստուգումներն անցկացվել են երեք շինհրապարակներում, այդ թվում՝ Պուլկովյան խճուղու շրջանում։ Ընդհանուր առմամբ ոստիկանության աշխատակիցները ստուգել են գրեթե 200 մարդու, որոնցից 129-ը եղել են օտարերկրյա քաղաքացիներ։
Ոստիկանություն տեղափոխված ինը անձանց նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ են կազմվել՝ ՌԴ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 18.8-րդ հոդվածով։ Այն պատասխանատվություն է նախատեսում Ռուսաստան մուտք գործելու կանոնների կամ երկրում գտնվելու ռեժիմի խախտման համար։
ՆԳՆ տարածաշրջանային գլխավոր վարչությունում չեն հստակեցրել ստուգված օտարերկրացիների քաղաքացիությունը և նրանցից յուրաքանչյուրի մոտ հայտնաբերված կոնկրետ խախտումները։





























