Գազայի հատվածում Իսրայելի հարվածից զոհվել է «Բժիշկներ առանց սահմանների» (Médecins Sans Frontières, MSF) միջազգային բժշկական մարդասիրական կազմակերպության երկու աշխատակից։ Հարվածը հասցվել է կազմակերպության կլինիկային, հաղորդում է BBC News-ը։
MSF-ը հայտարարել է, որ Իսրայելը հարվածել է անմիջապես բուժհաստատությանը, որի տեղակայման վայրը հայտնի էր իսրայելցի զինվորականներին։ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) պնդում է, որ զոհվածները ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի ահաբեկիչներ էին և կլինիկան օգտագործում էին որպես պահպանության օբյեկտ։
Ըստ MSF-ի՝ զոհվածները կլինիկայի անվտանգության աշխատակիցներ էին։ Կազմակերպությունը վրդովմունք է հայտնել և նշել, որ Գազայի հատվածում իր զոհված աշխատակիցների թիվը հասել է 17-ի։
«Մենք ցնցված ենք ու վրդովված։ Մեր օբյեկտները հստակ նշված էին MSF-ի տարբերանշաններով, իսկ դրանց տեղադրությունը փոխանցվել էր իսրայելցի զինվորականներին և հայտնի էր նրանց»,— հայտարարել է կազմակերպությունը։
Իսրայելի պաշտպանության բանակը հրապարակել է զոհվածների անունները՝ Ահմեդ Սուֆյան Մուհամմադ Ալի Աբու Հասիրա և Մուադ Յուսեֆ Ալ-Իթսբահ։ ՑԱԽԱԼ-ի պնդմամբ՝ երկուսն էլ ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի ահաբեկիչներ էին և պահակություն էին անում MSF-ի ղեկավարած կլինիկայում։ Զինվորականները նաև պնդում են, որ նրանք հարձակումներ էին նախապատրաստում իսրայելցի քաղաքացիական անձանց ու զինծառայողների դեմ։
ՑԱԽԱԼ-ը հայտարարել է, որ հարվածն ուղղված չէր անմիջապես հիվանդանոցի դեմ և չի վնասել բժշկական ենթակառուցվածքը։ Բանակի հավաստմամբ՝ Գազա քաղաքին հարվածելուց առաջ զինվորականները նախազգուշական միջոցներ են ձեռնարկել՝ խաղաղ բնակչությանը հասցվող վնասը նվազագույնի հասցնելու համար։ Նրանք տեղի ունեցածն անվանել են ՀԱՄԱՍ-ի կողմից միջազգային կազմակերպություններն իր շահերին ծառայեցնելու հերթական օրինակ։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը դատապարտել է Գազայի հատվածում բուժհաստատությունների և բուժաշխատողների դեմ հարձակումները՝ դրանք անվանելով վրդովեցուցիչ և անընդունելի։
«Նրանք, ովքեր վտանգում են իրենց կյանքը՝ ուրիշներին փրկելու համար, պետք է պաշտպանված լինեն, այլ ոչ թե հարձակումների ենթարկվեն»,— գրել է նա X սոցցանցում։
Գազայի հատվածում բռնությունները շարունակվում են՝ չնայած 2025 թվականի հոկտեմբերին ԱՄՆ միջնորդությամբ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ձեռք բերված հրադադարին։ Իսրայելը գրեթե ամեն օր հարվածում է ՀԱՄԱՍ-ի վերահսկողության տակ գտնվող շրջաններին։ Գազայի շուրջ 2,1 միլիոն բնակիչների մեծ մասը ստիպված է եղել լքել իր տունը։
ՀԱՄԱՍ-ի վերահսկողության տակ գտնվող Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ վերջին 13 ամիսներին իսրայելական հարվածներից զոհվել է առնվազն 1705 մարդ։ ՄԱԿ-ն այս տվյալներն արժանահավատ է համարում։
Մարդասիրական իրավիճակը մնում է ծանր։ Նոյեմբերի սկզբի հորդառատ անձրևները հեղեղումներ են առաջացրել և վնասել տեղահանված պաղեստինցիների տասնյակ հազարավոր կացարաններ։
ՄԱԿ-ն ու նրա գործընկերները Գազայի սահմանային անցակետերը վերահսկող Իսրայելին կոչ են անում թույլ տալ ավելացնել մարդասիրական օգնությունը։ Խոսքը, մասնավորապես, վրանների, ջեռուցիչների, ջրային պոմպերի, ինչպես նաև վարակիչ հիվանդությունների դեմ պատվաստանյութերի ու դեղորայքի մատակարարումների մասին է։
Գազայում պատերազմը սկսվեց 2023 թվականի հոկտեմբերի 7-ին՝ Իսրայելի հարավի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո։ Հարձակման հետևանքով զոհվեց շուրջ 1200 մարդ, ևս 251-ին պատանդ վերցրին։ Այդ ժամանակվանից ի վեր, Գազայի առողջապահության նախարարության տվյալներով, իսրայելական հարվածներից զոհվել է ավելի քան 74 770 պաղեստինցի։





























