Մեծ Բրիտանիայում լուրջ կիբեռմիջադեպի պատճառով իշխանություններն անջատել են նպաստների ձևակերպման և կենսաթոշակային տվյալների տրամադրման առցանց ծառայությունները։ Կառավարության տեխնոլոգիական ոլորտի նախկին ղեկավար Դևիդ Նոթի կարծիքով՝ միջադեպն ամենայն հավանականությամբ նպատակաուղղված հարձակման հետևանք է։ The Guardian-ի փոխանցմամբ՝ նա նաև նախազգուշացրել է պետական հնացած ենթակառուցվածքների խոցելիության մասին։

Հինգշաբթի ուշ երեկոյան Մեծ Բրիտանիայի աշխատանքի և կենսաթոշակների նախարարությունը (DWP) անսովոր ակտիվություն է նկատել և անջատել մի շարք համակարգեր։ Շաբաթ առավոտյան որոշ հանրային ծառայություններ դեռ չէին գործում։ Քաղաքացիները չէին կարողանում ստուգել պետական կենսաթոշակի տվյալները, դիմել հաշմանդամության նպաստի համար կամ ձևակերպել Universal Credit ունիվերսալ նպաստը։

BBC-ի Newsnight հաղորդման եթերում Նոթն ասել է, որ միջադեպը հավանաբար հարձակում է։ Նրա խոսքով՝ կառավարության ձևակերպումները հուշում են չարագործների հնարավոր միջամտության մասին։ Իշխանությունները, սակայն, զգուշավոր են գնահատականներում և նախընտրում են հիմնվել միայն հաստատված փաստերի վրա։

Մինչև 2025 թվականի դեկտեմբերը կառավարության տեխնոլոգիական ուղղությունը ղեկավարած Նոթը աճող ռիսկերը կապել է կիբեռպաշտպանության ոլորտում անբավարար ներդրումների, հնացած սարքավորումների և հարձակումների բարդացման հետ։ Նա ընդգծել է, որ պետական համակարգերը մշտապես հարձակումների թիրախ են, իսկ արհեստական բանականության գործիքները հեշտացնում են հաքերների գործը։

Միաժամանակ, նրա խոսքով, վաղուց չթարմացված համակարգերի հայտնի խոցելիություններից օգտվելու համար միշտ չէ, որ առաջադեմ տեխնոլոգիաներ են պետք։ Նոթի ներկայացրած տվյալներով՝ հնացած պետական ենթակառուցվածքների մասնաբաժինը 2023 թվականի 26%-ից 2024-ին հասել է 28%-ի։

Նախարարությունը պարզաբանել է, որ ծառայությունների մի մասն անջատել է նախազգուշական նպատակով։ Գերատեսչությունը սերտորեն համագործակցում է Մեծ Բրիտանիայի կիբեռանվտանգության ազգային կենտրոնի և կառավարական համակարգման կենտրոնի հետ։

Ուրբաթ օրը նախարարությունը վերականգնել է ներքին համակարգերի աշխատանքը, և աշխատակիցները վերադարձել են աշխատանքի։ Հանրային հարթակը, սակայն, դեռ անհասանելի էր։

Կառավարությունը վստահեցրել է, որ խափանումը չի ազդել նպաստների ու կենսաթոշակների կանոնավոր վճարումների վրա․ դրանք կկատարվեն սովորական ժամանակացույցով։ Քանի դեռ համակարգերն անհասանելի են, խափանման պատճառով պարտադիր պահանջները չկատարած քաղաքացիների նկատմամբ տույժեր չեն կիրառվի։ Հրատապ հարցերի դեպքում քաղաքացիները կարող են զանգահարել աջակցության սովորական հեռախոսագծերով։

Իշխանությունների փոխանցմամբ՝ այս պահին այլ պետական գերատեսչությունների վրա հարձակման ապացույցներ չկան։ Ենթադրյալ կիբեռհարձակումը քննում են GCHQ-ին կից Կիբեռանվտանգության ազգային կենտրոնի մասնագետներն ու կառավարական փորձագետները։ Նախարարության հետ մշտական կապի մեջ է նաև Մեծ Բրիտանիայի տվյալների պաշտպանության վարչությունը։