Շաբաթ օրը հարսանեկան արարողության վայրին Մյանմայի բանակի հասցրած ավիահարվածի հետևանքով մոտ 20 մարդ է զոհվել, AFP գործակալությանը հայտնել են ականատեսները։
Սա վերջին երեք օրվա ընթացքում երկրում մեծ թվով զոհերով երկրորդ միջադեպն է։
Հարվածը հասցվել է Շան և Կարեննի նահանգների սահմանին գտնվող Մոե Բյե շրջանի գյուղերից մեկին, որտեղ բազմաթիվ ներքին տեղահանվածներ են բնակվում։ Ականատեսների խոսքով՝ հարձակման պահին այնտեղ երկու տեղահանվածներ պատրաստվում էին իրենց հարսանիքին։
Իրենց տները հարկադրաբար լքած մարդկանց օգնող Nway Oo Yaung Chi Foundation հիմնադրամի ղեկավարը AFP-ին հայտնել է, որ հաստատվել է 21 մարդու, այդ թվում՝ հինգ երեխայի մահը։ Ավելի քան 40 մարդ վիրավորվել է։ Նրա խոսքով՝ փրկարարների ժամանումից հետո երկրորդ ռումբն է նետվել։
Ականատեսներից մեկը պատմել է, որ լսել է ինքնաթիռների ձայնը, սակայն չէր սպասում, որ այդ շրջանին հարված կհասցվի։ Պայթյունից հետո նա թանձր ծուխ է տեսել և շտապել դեպքի վայր՝ տուժածներին օգնելու։ Նրա խոսքով՝ այնտեղ ընկած էին 17 զոհերի մարմիններ։
Ականատեսը AFP-ին մի քանի տեսագրություն է տրամադրել, որոնցում երևում է, թե ինչպես են վիրավորներին տարհանում մեքենաներով և մոտոցիկլներով։ Տուժածների թվում շատ կանայք և երեխաներ կային։ Տեսագրություններից մեկում մի տղամարդ ավերված տարածքից դուրս է բերում արյունոտ դեմքով լացող մի աղջկա։ Նա հարցնում է, թե որտեղ են իր ծնողները, և խնդրում է զանգահարել մորը։
AFP գործակալությանը չի հաջողվել անկախ աղբյուրներով ստուգել տեսագրությունների իսկությունը։ Ավիահարվածի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար Մյանմայի բանակի ներկայացուցիչների հետ կապ հաստատել նույնպես չի հաջողվել։
Գրոհը տեղի է ունեցել Մագուե տարածաշրջանի Թայեթ շրջանում հասցված մեկ այլ հարվածից երկու օր անց։ Վտարանդիության մեջ գործող ինքնահռչակ Ազգային միասնության կառավարության տվյալներով՝ այն ժամանակ զոհվել էին 20 խաղաղ բնակիչ և ռազմական իշխանության դեմ հանդես եկող զինված կազմավորումների՝ Ժողովրդական պաշտպանության ուժերի ինը մարտիկ։ Ավիացիայի, հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ հարվածը հասցվել էր դպրոցի և վանքի տարածքին։ Զոհված խաղաղ բնակիչների թվում էին չորս աշակերտուհի, մի երիտասարդ վանական և 15 ծնող, որոնք, լսելով ինքնաթիռների ձայնը, հավաքվել էին երեխաներին տուն տանելու համար։
Մյանմայում քաղաքացիական պատերազմը շարունակվում է 2021 թվականից, երբ զինվորականները տապալեցին Աուն Սան Սու Չժիի ընտրված կառավարությունը։ ACLED մշտադիտարկման խմբի տվյալներով՝ հակամարտության սկզբից տարբեր կողմերից ավելի քան 100 հազար մարդ է զոհվել։





























