Գերմանիայի շրջակա միջավայրի նախարար Կարստեն Շնայդերն առաջարկել է փոխել Հռենոսի հունը՝ նավագնացությունը կլիմայի փոփոխության հետևանքներից պաշտպանելու համար, հայտնել է Tagesschau-ն։
Նրա կարծիքով՝ գետի լայնածավալ խորացման փոխարեն անհրաժեշտ է վերականգնել դրա վտակներն ու հին հուները, ընդլայնել ջրի տարածման համար նախատեսված տարածքները և ողողատներն օգտագործել որպես բնական ջրամբարներ։
«Երկարաժամկետ հեռանկարում բեռնափոխադրումներն ապահովելու համար անհրաժեշտ է նաև հենց գետը հարմարեցնել փոփոխվող պայմաններին», — Kölner Stadt-Anzeiger թերթի հարցազրույցում հայտնել է Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (ԳՍԴԿ) ներկայացնող նախարարը։ Նա հստակեցրել է, որ Հռենոսի հատակը պետք է խորացնել միայն առանձին հատվածներում։
Անցած ամռանը Հռենոսում և Գերմանիայի այլ գետերում ջրի մակարդակը նվազել էր մինչև պատմական նվազագույն ցուցանիշներ։ Դա հանգեցրել էր ներքին ջրային ուղիներով նավագնացության լուրջ սահմանափակումների և տնտեսական վնաս պատճառել։ Հռենոսը ռազմավարական նշանակություն ունի Գերմանիայի համար. դրանով է անցնում երկրի արդյունաբերության աշխատանքն ապահովող կարևորագույն տրանսպորտային միջանցքներից մեկը։
Շնայդերը կարծում է, որ անհրաժեշտ է համատեղել ջրհեղեղներից պաշտպանության միջոցառումները ջրի կուտակման լրացուցիչ հնարավորությունների ստեղծման հետ։ Նրա խոսքով՝ սա լայնածավալ խնդիր է, որը կպահանջի դաշնային և տարածաշրջանային իշխանությունների համատեղ ջանքերը։
Նախարարը նաև կոչ է արել զգալի միջոցներ ուղղել ջրային ենթակառուցվածքների արդիականացմանը։ Նա առաջարկել է դաշնային երկրամասերին հատուկ հիմնադրամից իրենց հատկացված 100 մլրդ եվրոյի զգալի մասը ներդնել համապատասխան ծրագրերում։
«Գումարը պետք է գտնել. անգործությունը շատ ավելի թանկ կարժենա», — ընդգծել է Շնայդերը։
Նրա գնահատմամբ՝ 35-ից բարձր ջերմաստիճանով ընդամենը մեկ օրը Գերմանիայի տնտեսության համար արժենում է գրեթե 1 մլրդ եվրո։
Նախարարի կարծիքով՝ ջրային ենթակառուցվածքներում ներդրումները սկզբունքային նշանակություն ունեն երկրի ապագայի համար։
Դրանք պետք է օգնեն միաժամանակ մեղմել ծայրահեղ եղանակային երևույթների հետևանքները, ապահովել ջրային ռեսուրսների ավելի արդյունավետ կառավարում և կլիմայի փոփոխության պայմաններում պահպանել Հռենոսով բեռնափոխադրումների հուսալիությունը։





























