Բուլղարիայի ռազմաօդային ուժերի «Սպարտան» ռազմատրանսպորտային ինքնաթիռը պատրաստվում է թռչել Ֆրանսիայի Մարսել քաղաք, Եվրոպայի լիգայի՝ Մարսելի «Օլիմպիկի» և Սոֆիայի «Լևսկիի» միջև խաղից առաջ տեղի ունեցած բախումների հետևանքով տուժած երկրպագուներին հայրենիք վերադարձնելու համար, հայտնել է BNR-ը՝ հղում կատարելով Բուլղարիայի արտաքին գործերի նախարարությանը։
«Սպարտան» ռազմատրանսպորտային ինքնաթիռը կուղարկվի Մարսել՝ ապահովելու տուժած քաղաքացիների վերադարձը Բուլղարիա, որոնց բժիշկները թույլ կտան դուրս գրվել հիվանդանոցից, և որոնք աջակցության կարիք կունենան», — ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։
Բուլղարիայի իշխանությունների տվյալներով՝ բախումների հետևանքով տուժել է երկրի 11 քաղաքացի։ Վեցը տեղափոխվել է հիվանդանոցներ, մյուսներին բժշկական օգնություն է ցուցաբերվել տեղում։ Նոյեմբերի 28-ի դրությամբ երեք տուժած դեռևս հիվանդանոցներում էր, նրանցից երկուսը շարունակում էր մնալ բժիշկների հսկողության տակ։
Ինքնաթիռն առայժմ թռիչքի պատրաստ վիճակում է։ Մեկնումը կախված է տուժածների վիճակից և թռիչքի համար բժշկական մասնագետների թույլտվությունից։
Երկրպագուների միջև բախումները տեղի են ունեցել նոյեմբերի 26-ին՝ «Վելոդրոմ» մարզադաշտում կայացած խաղից առաջ։ Հանդիպումն ավարտվել է ֆրանսիական ակումբի հաղթանակով՝ 1։0 հաշվով։ Ֆրանսիայի դատախազությունը երկու հետաքննություն է սկսել՝ ենթադրյալ բռնության և ատելության հնարավոր հրահրման փաստերով։





























