Շվեդական Volvo Cars ընկերությունը սկսել է AEON հումանոիդ ռոբոտների ուսուցումը Բելգիայի Գենտ քաղաքի ավտոգործարանում, գրել է Interesting Engineering-ը։
Ավտոարտադրողն ուսումնասիրում է՝ արդյո՞ք մեքենաները կկարողանան արտադրությունում կատարել կրկնվող և ֆիզիկական ծանր գործողություններ։ Այժմ ռոբոտներն ուսուցում և փորձարկումներ են անցնում աշխատակիցների ու գործող ավտոմատացված համակարգերի հետ համատեղ։ Գործարանում փորձնական նախագծի մեկնարկը նախատեսված է 2027 թվականին։
AEON ռոբոտները մշակել է Hexagon տեխնոլոգիական ընկերության Robotics ստորաբաժանումը։ Գենտի գործարանը դարձել է Volvo Cars-ի առաջին ձեռնարկությունը, որտեղ փորձարկվում են այս մեքենաները։
Սկզբնական փուլում ռոբոտները սովորում են բարձր ճշգրտությամբ դետալներ տեղադրել երկու հատուկ ամրակներում։ Դրա համար կիրառվում է իմիտացիոն ուսուցման մեթոդը․ մեքենաները դիտարկում են մարդկանց գործողությունները և կրկնում դրանք։ Արդյունքների ստուգմանը զուգընթաց՝ առաջադրանքները կբարդացվեն։ Հետագայում ռոբոտները պետք է աշխատեն մի քանի բաղադրիչների հետ, տեղաշարժվեն արտադրական տարածքներում և փոխգործակցեն ավտոմատացված սարքավորումների հետ։
Մարդակերպ ռոբոտները կարող են լուծել ավանդական արդյունաբերական ավտոմատացման խնդիրներից մեկը։ Անշարժ ռոբոտացված մանիպուլյատորները լավ են կատարում կրկնվող գործողությունները սահմանված պայմաններում, սակայն դրանք ավելի դժվար է հարմարեցնել ճկունություն և արտադրության տարբեր հատվածների միջև տեղաշարժ պահանջող առաջադրանքներին։ Volvo-ում ակնկալում են, որ AEON-ի ձևը թույլ կտա այն օգտագործել աշխատակիցների և առկա սարքավորումների կողքին՝ առանց գործարանային տարածքների լայնածավալ վերակառուցման։
«AEON-ի մարդակերպ կառուցվածքը թույլ է տալիս նրան ինտեգրվել մեր ներկայիս արտադրությանը և աշխատել մեր թիմերի ու առկա ավտոմատացված համակարգերի կողքին», — հայտնել է Volvo Cars-ի արտադրության գծով տնօրեն Մագնուս Նիլսոնը։
Ընկերությունն ակնկալում է ռոբոտներին հանձնարարել ֆիզիկական ամենածանր գործողություններից մի քանիսը։ Դա կարող է բարելավել աշխատատեղերի էրգոնոմիկան և նվազեցնել նույն գործողությունների բազմակի կրկնությամբ պայմանավորված ծանրաբեռնվածությունն աշխատակիցների վրա։
AEON-ի հասակը 1,65 մետր է, քաշը՝ 60 կիլոգրամ։ Ռոբոտն օգտագործում է տեսախցիկներ և սարքեր՝ շրջակա միջավայրում կողմնորոշվելու և դետալների հետ ճշգրիտ աշխատելու համար։ Ի տարբերություն երկու ոտքով տեղաշարժվող բազմաթիվ մարդակերպ մեքենաների՝ AEON-ն ունի անիվներ։ Այն կարող է զարգացնել վայրկյանում մինչև 2,4 մետր արագություն՝ մոտավորապես թեթև վազող մարդու արագությամբ։ Առավելագույն բեռնատարողությունը 10 կիլոգրամ է։ Կառուցվածքը թույլ է տալիս ռոբոտին սովորեցնել կատարել տարբեր արդյունաբերական առաջադրանքներ։
2027 թվականի առաջին կեսին Գենտի գործարանը պետք է ստանա AEON-ի լրացուցիչ նմուշներ։ Նախատեսվում է դրանք ներգրավել փորձնական նախագծում, որը կընդգրկի արտադրական գործողությունների ավելի լայն շրջանակ։ Volvo-ն ակնկալում է ռոբոտներն անմիջապես արտադրությունում օգտագործել 2027 թվականի կեսերից։ Ներդրման ժամկետներն ու ծավալները կախված կլինեն ուսուցման և դրանց հնարավորությունների ստուգման արդյունքներից։
«Մարդակերպ ռոբոտատեխնիկայի նպատակը մեր հաճախորդներին գործնական օգուտ բերելն է», — նշել է Hexagon Robotics-ի նախագահ Առնո Ռոբերը։
Նրա խոսքով՝ Volvo-ի արտադրական թիմի հետ համագործակցությունը կօգնի համոզվել, որ AEON-ը կարող է իրական առաջադրանքներ կատարել և օգուտ բերել գործարանի աշխատանքին։




























