Հետազոտողները թվայնացնում են Վերածննդի դարաշրջանի երաժշտական ժառանգությունը, որը գրառված է գերմանական քնարի տաբուլատուրայով՝ նշագրության հատուկ համակարգով, որն այսօրվա ընթերցողին կարող է գաղտնագիր թվալ, գրել է Phys.org-ը։

Նոր թվային ռեսուրսը թույլ է տալիս ոչ միայն ուսումնասիրել հին ձեռագրերն ու տպագիր հրատարակությունները, այլև դրանք փոխադրել սովորական նոտագրության և ունկնդրել ստեղծագործությունները պրոֆեսիոնալ երաժիշտների կատարմամբ։

XVI դարում վինը՝ քնարը, Եվրոպայի ամենատարածված գործիքներից մեկն էր։ Այն օգտագործում էին երգերն ու պարերն ուղեկցելու, փոքր խմբերով երաժշտություն նվագելու և վիրտուոզ մենակատարումների համար։ Տաբուլատուրան հարմար էր նրանով, որ անմիջականորեն ցույց էր տալիս մատների դիրքերը գործիքի վզիկի վրա՝ հեշտացնելով ստեղծագործությունների ուսուցումն ու երաժշտական նյութի փոխանցումը։

Ժամանակի ընթացքում վինն իր տեղը զիջեց այլ գործիքների, և տաբուլատուրային գրառման մասին գիտելիքներն աստիճանաբար մոռացվեցին։ Տպագիր ստեղծագործությունների, ձեռագրերի և ուսումնական տրակտատների հսկայական հավաքածուն ցրվեց Եվրոպայի գրադարաններով։ Մինչև վերջերս այդ նյութերի զգալի մասը գործնականում անհասանելի էր և հասկանալի միայն մասնագետների նեղ շրջանակի համար։

Այս ժառանգությունը լայն լսարանին վերադարձնելու նպատակ ունի E-LAUTE (Electronic Linked Annotated Unified Tablature Edition) միջազգային միջգիտակարգային նախագիծը։ Թիմը միավորել է երաժշտագիտության, երաժշտական ինֆորմատիկայի, միջնադարյան գերմանական գրականության և պատմական կատարողական արվեստի մասնագետների։ Երեք տարվա ընթացքում նրանք մշակել են թվային գիտական հարթակ, որը վերջերս հասանելի է դարձել Ավստրիայի ազգային գրադարանի միջոցով։

Հարթակը համակարգում է XVI դարի աղբյուրներն ու ներկայացնում դրանք ամբողջությամբ։ Ժամանակակից թվային տեխնոլոգիաների օգնությամբ տաբուլատուրաներն ավտոմատ կերպով փոխակերպվում են տաբուլատուրային գրառման այլ ձևաչափերի և սովորական եվրոպական նոտագրության։

Նախագծում կիրառվում են երաժշտական նշանների օպտիկական ճանաչման, արհեստական բանականությամբ ավտոմատ վերծանման տեխնոլոգիաներ, ինչպես նաև երաժշտական և տեքստային աղբյուրների թվային կոդավորման հատուկ չափորոշիչներ։ Սա թույլ է տալիս ուսումնասիրել ոչ միայն բուն երաժշտական գրառումները, այլև տաբուլատուրաներում ներառված տեքստերը, ինչպես նաև դրանց առնչվող՝ այլ աղբյուրներում պահպանված ստեղծագործությունները։

Երաժիշտների և հետազոտողների համար առանձնահատուկ արժեք ունի ձայնագրությունների հավաքածուն։ Ստեղծագործությունները կատարում են Բազելի կիրառական գիտությունների բարձրագույն դպրոցին կից Schola Cantorum Basiliensis-ի պրոֆեսիոնալ երաժիշտները, ձայնագրությունները հասանելի են անմիջապես հարթակում։

Սակայն նախագծի ստեղծողներն ընդգծում են, որ աշխատանքը դեռ հեռու է ավարտված լինելուց։ Անհրաժեշտ է մշակել լրացուցիչ աղբյուրներ, կատարելագործել դրանց ներկայացումը թվային ձևաչափով և ավելի խորությամբ ուսումնասիրել առանձին ստեղծագործությունների պատմական, սոցիալական ու մշակութային համատեքստը։

Նախագծի հետագա զարգացման համար երեք տարով հատկացվել է մոտ 3 մլն եվրո։ Ֆինանսավորումը տրամադրել են Ավստրիայի գիտական հիմնադրամը (FWF), Գերմանական գիտահետազոտական ընկերությունը (DFG) և Շվեյցարիայի ազգային գիտական հիմնադրամը (SNSF)։