Հին եգիպտացիները դարեր շարունակ մումիֆիկացրել են հազարավոր կոկորդիլոսների, որոնց կապում էին Նեղոսի, պտղաբերության և արքայական իշխանության աստված Սոբեկի հետ։ Նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ զմռսողները խառնուրդն ընտրելիս կարող էին առաջնորդվել տեղական ավանդույթներով։
Արտասովոր մի օրինակ է մ.թ.ա. I հազարամյակի կեսերով թվագրվող մումիան։ Եգիպտոսի հարավում՝ Կոմ Օմբոյում, զմռսողները գրեթե չորսմետրանոց կոկորդիլոսի մեջքին ու պարանոցին ամրացրել են ավելի քան 25 ձագի՝ նրանց տեղավորելով եղեգի ցողունների վրա։
Այս դասավորությունը կարող էր պատկերել մոր մեջքին տեղաշարժվող կոկորդիլոսի ձագերին։

Հասուն կենդանու և երկու ձագերի զմռսման խառնուրդում պահպանվել են մեղրամոմ և սոճու խեժ կամ ձյութ։ Դարեր անց Կոմ Օմբոյի վարպետները մեկ այլ հասուն կոկորդիլոս զմռսելիս օգտագործել են նույն համադրությունը։ Մինչդեռ Նեղոսի հոսանքով ավելի հյուսիս գտնվող Մանֆալուտից երկու մատղաշ կոկորդիլոսների զմուռսի հիմնական բաղադրիչը մայրու ձյութն էր։
Բրիտանական թանգարանի հետազոտողները՝ Տաբեա Կոխի գլխավորությամբ, փորձել են պարզել՝ այս տարբերությունները կապված էին կենդանիների չափերի՞, թե՞ զմռսման տեղական ավանդույթների հետ։ Scientific Reports ամսագրում նրանք եզրակացրել են, որ խառնուրդի ընտրությունը, հավանաբար, նախևառաջ կախված էր վարպետների աշխատանքի վայրից։

Գիտնականներն ուսումնասիրել են Լոնդոնի երկու թանգարաններում պահվող յոթ մումիա։ Դրանց թվում էին Կոմ Օմբոյից երկու հասուն կոկորդիլոսները, Մանֆալուտից երկու մատղաշ կենդանիները և շատ փոքր կոկորդիլոսների երեք խումբ։ Վերջիններիս հայտնաբերման ճշգրիտ վայրն անհայտ է։
Մասնագետներն ընդհանուր առմամբ վերցրել են 22 նմուշ։ Դրանց թվում կային զմուռսով ներծծված պատանքների կտորներ և կենդանիներից մեկի մաշկի ոսկրային թիթեղների վրա պահպանված մուգ կեղևի նմուշ։
Քիմիական վերլուծությամբ հետազոտողները հայտնաբերել են մեղրամոմին և որոշ ծառերի խեժերին բնորոշ միացություններ։ Բոլոր յոթ մումիաներում նրանք գտել են փշատերև բույսերի, այդ թվում՝ սոճիների ու մայրիների հետքեր։ Կոմ Օմբոյից երկու հասուն կոկորդիլոսների զմուռսը մեղրամոմից և սոճու խեժից բացի պարունակում էր նաև փոքր քանակությամբ մայրու ձյութ։
Մայրուն բնորոշ որոշ միացություններ հեշտությամբ գոլորշիանում են։ Ուստի դրանց պահպանված չնչին քանակը կարող է չարտացոլել խառնուրդում ձյութի սկզբնական պարունակությունը։ Սոճուն բնորոշ միացություններն ավելի լավ են պահպանվում։ Մանֆալուտի նմուշներում դրանց բացակայությունը ևս հուշում է, որ այդ կենդանիներին զմռսել են այլ բաղադրությամբ խառնուրդով։
Ռադիոածխածնային վերլուծությամբ գիտնականները ձագերով հասուն կոկորդիլոսի մումիան թվագրել են մ.թ.ա. 792–542 թվականներով, իսկ երկրորդ հասուն կենդանունը՝ մ.թ.ա. 49 թվականից մինչև մ.թ. 106 թվականն ընկած ժամանակահատվածով։ Չնայած բազմադարյա ընդմիջմանը՝ զմռսողները երկու դեպքում էլ կիրառել են մեղրամոմի և սոճու խեժի նույն խառնուրդը։
Հնարավոր է՝ երկու հասուն կոկորդիլոսներին էլ կենդանության օրոք պաշտել են որպես Սոբեկի մարմնավորումներ։ Կոմ Օմբոյում երկրպագում էին այդ աստծուն։ Սրբազան կոկորդիլոսներն ապրում էին տաճարային համալիրներում, իսկ մահից հետո նրանց մումիֆիկացնում էին։ Հավատացյալների ընծայաբերած հազարավոր կոկորդիլոսների թվում կային նաև բազմաթիվ մատղաշ կենդանիներ։
Ավելի վաղ հետազոտողները Կոմ Օմբոյից երկու փոքր կոկորդիլոսների զմուռսում հայտնաբերել էին մեղրամոմ և փշատերև ծառերի խեժ։ Ենթադրաբար, այդ կենդանիներին նույնպես ընծայաբերել էին աստծուն։
Թեև այն ժամանակ հետազոտողները չէին կարողացել որոշել ծառի տեսակը, արդյունքները հուշում են, որ զմռսողները կարող էին նույն հիմնական խառնուրդն օգտագործել տարբեր չափերի և կրոնական տարբեր կարգավիճակ ունեցող կոկորդիլոսների համար։
Կոմ Օմբոյի անմիջական հարևանությամբ փշատերև ծառեր չէին աճում։ Ուստի տարբեր դարաշրջաններում այնտեղ աշխատած վարպետները, հավանաբար, խեժը բերել են Միջերկրածովյան տարածաշրջանից։
Առայժմ գիտնականներն ուսումնասիրել են Կոմ Օմբոյից ընդամենը չորս մումիայի զմուռսի քիմիական բաղադրությունը։ Հետագա հետազոտությունները պետք է պարզեն՝ արդյոք այս խառնուրդը բնորոշ է հենց Կոմ Օմբոյին և հազվադեպ է հանդիպում այլ վայրերում։ Եթե դա հաստատվի, զմուռսի վերլուծությունը կօգնի որոշել կոկորդիլոսների մումիֆիկացման վայրը, նույնիսկ երբ դրանց հայտնաբերման վայրն ու հանգամանքները չեն արձանագրվել։





























