Ամստերդամի «Սխիպհոլ» օդանավակայանում ձերբակալել են մի ուղևորի, որը փորձում էր Հոնկոնգ տեղափոխել անհետացման վտանգի տակ գտնվող 26 խիստ հազվագյուտ կրիա, հայտնել է DW-ն։

Նիդերլանդների սննդամթերքի և սպառողական ապրանքների անվտանգության վարչության (NVWA) տվյալներով՝ առգրավված վալարտյան տիղմային կրիաները հանդիպում են միայն Մեքսիկայում, որտեղ վայրի բնության մեջ, ենթադրաբար, մնացել է շուրջ 300 առանձնյակ։

Կրիաներին հայտնաբերել են նոյեմբերի 21-ին՝ Ամստերդամով Հոնկոնգ մեկնող տղամարդու ուղեբեռի սովորական մաքսային ստուգման ժամանակ։ Երբ մաքսային ծառայողները պարզել են, որ ուղեբեռում կենդանիներ կան, այդ մասին հայտնել են NVWA-ին։ Գերատեսչության խնդրանքով ոստիկանությունը ձերբակալել է ուղևորին։ Նոյեմբերի 27-ի դրությամբ նա շարունակում էր մնալ կալանքի տակ, դատախազությունը շարունակում էր քննությունը։

Կրիաների մեծ մասը տուփի մեջ էր՝ խաղալիք մեքենայի կողքին, մյուսները թաքցված էին ճամպրուկում՝ բերանը փակված գուլպայի մեջ։ Կենդանիներին փաթաթել էին կպչուն ժապավենով, որը թույլ չէր տալիս նրանց շարժվել։ Չնայած տեղափոխման դաժան պայմաններին՝ բոլոր 26 կրիաներն էլ ողջ են մնացել։

Այժմ նրանք գտնվում են կենդանիների փրկության մասնագիտացված կենտրոնում։ Աշխատակիցները զգուշորեն հեռացրել են ժապավենը և ապահովել անհրաժեշտ խնամքը։

Վալարտյան տիղմային կրիաները հայտնի կրիաների ամենափոքր տեսակներից են։ Դրանք պաշտոնապես նկարագրվել են միայն 2018 թվականին։ Քաղցրահամ ջրերում ապրող այս սողունները բնակվում են Մեքսիկայի Խալիսկո նահանգի սահմանափակ տարածքում, որտեղ նրանց բնական ապրելավայրը խիստ տուժել է ուրբանիզացիայի և զբոսաշրջության զարգացման հետևանքով։

Բնապահպանական Turtle Island կազմակերպության գնահատմամբ՝ այս կրիաների բնական ապրելավայրի ավելի քան 99 տոկոսն արդեն կորած է։ Կենդանիների երկարությունը չի գերազանցում 10 սանտիմետրը, նրանք հատկապես խոցելի են ճանապարհային երթևեկության ու հավաքորդների համար իրականացվող ապօրինի որսի նկատմամբ։

Բնության պահպանության միջազգային միությունն այս տեսակը դասում է անհետացման եզրին գտնվողների շարքին։ Այն նաև օգտվում է պաշտպանության ամենախիստ մակարդակից՝ «Անհետացման վտանգի տակ գտնվող վայրի կենդանական և բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի (CITES) շրջանակում։

NVWA-ի գնահատմամբ՝ 26 կրիաների ենթադրյալ ապօրինի որսը կարող էր վայրի պոպուլյացիայի թվաքանակը կրճատել գրեթե 10 տոկոսով։ Գերատեսչությունը կոչ է արել հայտնել պահպանվող կենդանիների և բույսերի կասկածելի առևտրի մասին, այդ թվում՝ առցանց հարթակներում և շուկաներում։