Հետազոտողները մշակել են վիճակագրական մոտեցում, որը թույլ է տալիս առանձին հետևել համացանցում թեմաների նկատմամբ օգտատերերի հետաքրքրության փոփոխություններին և այցելությունների կանխատեսումներից անսպասելի շեղումներին, գրել է Phys.org-ը։
Այս մեթոդը կարող է լրատվամիջոցներին օգնել պլանավորել հրապարակումները, իսկ թվային հարթակներին՝ գնահատել անհրաժեշտ թողունակությունը՝ հաշվի առնելով թրաֆիկի փոփոխությունները։
Աշխատանքը ներկայացվել է 2026 թվականի հունիսին Էկվադորի մայրաքաղաք Կիտոյում կայացած IEEE Technology and Engineering Management Society Conference (TEMSCON LATAM) համաժողովում։
Մեթոդը հիմնված է Վեբերի ռեժիմների փոփոխության ինդեքսի (Regime-Shift Index, RSI) վրա, որը նոր դիտարկումները համեմատում է պատմական տվյալների բաշխման հետ։ Յուրաքանչյուր արժեքի վերագրվում է կարգային դիրք, որը ցույց է տալիս, թե այն ինչ տեղ է զբաղեցնում նախորդ դիտարկումների համեմատ։ Օրինակ՝ Վիքիպեդիայի էջի օրական դիտումների դեպքում այդ դիրքն արտացոլում է պատմական ժամանակահատվածի այն օրերի մասնաբաժինը, երբ դիտումների թիվը եղել է նույնը կամ ավելի փոքր։
Այս կարգային դիրքերի հիման վրա հաշվարկվում է երկու ցուցանիշ։ Առաջինն արտացոլում է թեմայի նկատմամբ հարաբերական ուշադրությունը՝ այցելությունների թվի տեղաշարժը դեպի ավելի բարձր կամ ցածր արժեքներ՝ պատմական մակարդակի համեմատ։ Երկրորդը ցույց է տալիս հարաբերական անսպասելիությունը՝ կանխատեսման սխալների փոփոխությունները՝ դրանց նախկին բաշխման համեմատ։
Այսպիսով, հետաքրքրության կայուն աճը և այցելությունների սպասվող թվից կարճաժամկետ շեղումները կարելի է վերլուծել առանձին։ Անսպասելիության ցուցանիշը կախված է կանխատեսման ընտրված մեթոդից և ժամանակային հորիզոնից․ այն արտացոլում է, թե որքան են փոխվել տվյալ մոդելի սխալները՝ դրա պատմական արդյունքների համեմատ։
Մոտեցումը ստուգելու համար հետազոտողները վերլուծել են Վիքիպեդիայի էջերի օրական դիտումները 50 թեմաներով, որոնք միավորված էին հինգ խմբում՝ արհեստական բանականություն, էներգետիկա, աշխարհաքաղաքականություն, հանրային դեմքեր և խառը ստուգիչ խումբ։
Տվյալներն ընդգրկել են 2016–2025 թվականները։ Որպես պատմական հենք օգտագործվել են 2016–2021 թվականների դիտարկումները, իսկ 2022–2025 թվականների փոփոխություններին հետևել են 56-օրյա սահող պատուհանների միջոցով։ Այսպիսի միջակայքը թույլ է տալիս հարթել օրական տատանումները՝ պահպանելով մի քանի շաբաթվա ընթացքում ձևավորվող միտումների մասին տեղեկությունը։
Երկու ցուցանիշների տարբերությունը հատկապես ակնառու է դրսևորվել արհեստական բանականության օրինակով։ Այս թեմայի նկատմամբ հարաբերական ուշադրությունը բարձր է մնացել 2023–2025 թվականների զգալի մասի ընթացքում, մինչդեռ անսպասելիության ցուցանիշը ցույց է տվել առանձին, ավելի կարճատև գագաթնակետեր։ Դրա հաշվարկման համար օգտագործվել է էքսպոնենցիալ կշռված սահող միջին, որի դեպքում ավելի թարմ դիտարկումներին տրվում է ավելի մեծ կշիռ, իսկ կանխատեսումը կազմվել է առաջիկա 28 օրվա համար։
Սա ցույց է տալիս, որ թեմայի նկատմամբ երկարատև հետաքրքրությունը կարող է զուգակցվել կարճատև ժամանակահատվածների հետ, երբ այցելությունների փաստացի թիվը զգալիորեն շեղվում է կանխատեսումներից։
Ցուցանիշները կարելի է հաշվարկել ինչպես առանձին թեմաների, այնպես էլ ամբողջ խմբերի համար՝ օգտագործելով հավասար կշիռներ կամ հաշվի առնելով դիտումների ծավալը։ Ընդ որում, յուրաքանչյուր թեմա նախ համեմատվում է իր իսկ պատմական տվյալների հետ, ինչը թույլ է տալիս միավորել այցելությունների սովորական մակարդակներով էապես տարբերվող ուղղությունները։
Արդյունքները կախված են ընտրված պատմական ժամանակահատվածից և վերլուծության պատուհանի տևողությունից։ Կարճ միջակայքներն ավելի արագ են արձագանքում փոփոխություններին, սակայն ավելի զգայուն են ժամանակավոր տատանումների նկատմամբ, իսկ երկարներն ավելի լավ են հարթում կարճատև կտրուկ աճերը։
Մեթոդը մշակվել է Լոզանի դաշնային պոլիտեխնիկական դպրոցի (EPFL) գործառնական կառավարման, տնտեսագիտության և ռազմավարության ամբիոնի (OES) հետազոտական ծրագրի շրջանակում։ Այս ծրագրի այլ աշխատանքներում ռեժիմների փոփոխության ինդեքսը կիրառվել է Ժնևում ջերմաստիճանային բաշխումների փոփոխությունները և Շվեյցարիայի բնակչության վրա օդի աղտոտվածության ազդեցությունն ուսումնասիրելու համար։




























