Իսրայելցի զինվորականներն ու ոստիկանությունը կանխել են երկրի արևմտյան սահմանը հատած օդապարիկների միջոցով Կալաշնիկովի 15 ինքնաձիգի, երկու բջջային հեռախոսի և ավելի քան 100 կգ թմրանյութի մաքսանենգ տեղափոխման փորձը, ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱՀԱԼ) և ոստիկանության համատեղ հայտարարության մեջ։
Ուժային կառույցների տվյալներով, շաբաթ օրը զինվորականները հայտնաբերել են մի քանի օդապարիկ, որոնք արևմուտքից հատել էին սահմանը և շարժվում էին դեպի Իսրայելի տարածք։ Ենթադրվում է, որ դրանք օգտագործվել են զենք և թմրանյութեր տեղափոխելու համար։
Օդապարիկները հայտնաբերելուց հետո այդ շրջան են ուղարկվել զինծառայողներ և ոստիկանության ՅԱՄԱՍ հատուկ ստորաբաժանման մարտիկներ։ Նրանք հայտնաբերել են բեռը, որը ներառում էր Կալաշնիկովի 15 ինքնաձիգ, երկու բջջային հեռախոս և թմրանյութով երեք պարկ՝ ընդհանուր ավելի քան 100 կգ քաշով։
Հայտնաբերված զենքն ու թմրանյութերը փոխանցվել են անվտանգության ուժերին՝ հետագա քննության համար։
Իսրայելական լրատվամիջոցների տեղեկություններով, խոսքը Եգիպտոսի հետ Իսրայելի սահմանի մասին է։





























