Բանգլադեշի տապալված վարչապետ Շեյխ Հասինայի կողմնակիցները բախվել են իշխող կուսակցության ներկայացուցիչների հետ՝ կիրառելով մաչետեներ և հրկիզելով շենքեր ու գույք։ Երկրի մի այլ շրջանում անկարգությունների հետևանքով մեկ մարդ է զոհվել, հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով ոստիկանությանը։

Բախումները տեղի են ունեցել նախկին իշխող «Ավամի լիգ» կուսակցության հայտարարած երկօրյա համազգային գործադուլի ֆոնին։ Կուսակցության գործունեությունն արգելված է։ Դրա կողմնակիցները բողոքում են քաղաքական հետապնդման դեմ։ Հասինայի հայրենի քաղաքում և քաղաքական հենակետում՝ Գոպալգանջում, AFP-ի լրագրողները տեսել են, թե ինչպես են «Ավամի լիգի» կողմնակիցները բախվում Բանգլադեշի իշխող ազգայնական կուսակցության (BNP) ակտիվիստների հետ։

Գոպալգանջից մոտ 80 կմ հեռավորության վրա գտնվող Շարիաթպուր շրջանում բախումների ժամանակ զոհվել է Իբրահիմ Սեպահին, որին ոստիկանությունը համարում է «Ավամի լիգի» հնարավոր կողմնակից։ Ոստիկանության բարձրաստիճան աշխատակից Մդ Զաքիարիա Ռահմանի հաղորդմամբ, անկարգությունների մասնակիցները միմյանց վրա հրկիզող խառնուրդով շշեր են նետել, իսկ Սեպահին մահացել է հիվանդանոցի ճանապարհին։

Ականատեսների վկայությամբ, հակամարտող խմբերը գիշերը հավաքվել են Պադմա կամրջի մոտ գտնվող կարևոր տրանսպորտային հանգույցի հարևանությամբ։ Կամուրջը երկրի հարավ-արևմուտքը կապում է մայրաքաղաք Դաքքայի հետ։ Ամբոխը նաև հրկիզել է մի քանի խանութ, ճամփեզրյա առևտրի կետեր և մոտոցիկլետներ։

Գոպալգանջում փողոցային ակցիաների մասնակիցները դուրս են եկել մաչետեներով, փայտերով և այլ զենքերով։ Անկարգությունները զսպելու համար իշխանությունները քաղաք են ուղարկել ռազմականացված ստորաբաժանումների հարյուրավոր լրացուցիչ ծառայողների։ Կիրակի օրը խանութների և առևտրային այլ հաստատությունների մեծ մասը փակ է եղել։

Հնդկաստանում աքսորի մեջ գտնվող Հասինան ավելի վաղ հայտարարել էր դեկտեմբերին Բանգլադեշ վերադառնալու մտադրության մասին։ Նախկին վարչապետը հեռակա կարգով մահապատժի է դատապարտվել մարդկության դեմ հանցագործությունների մեղադրանքով՝ 2024 թվականին ուսանողների գլխավորած բողոքի ցույցերի արյունալի ճնշման առնչությամբ։