Շվեդական պաշտպանական Saab ընկերությունը 450 մլն եվրոյի պայմանագիր է կնքել Ուկրաինային Giraffe 1X ռադիոտեղորոշման համակարգեր մատակարարելու համար։ Ուկրաինայի զինված ուժերի համար մատակարարումները նախատեսված են 2027 թվականին, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։

Պայմանագիրը կնքվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետ։ Saab-ի տվյալներով, Giraffe 1X-ը կոմպակտ եռաչափ ռադիոտեղորոշման համակարգ է, որը կարելի է արագ ծավալել և օգտագործել տարբեր հարթակների վրա։

Ռադարն ապահովում է օդային տարածքի 360 աստիճան շրջանաձև դիտարկում։

Այն ունակ է հայտնաբերելու, ուղեկցելու և դասակարգելու տարբեր օդային սպառնալիքներ, այդ թվում՝ ինքնաթիռներ, հրթիռներ, հրետանային արկեր և ականանետային ականներ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր։

Համակարգը թիրախների մասին տեղեկությունները թարմացնում է յուրաքանչյուր վայրկյան, ինչը օպերատորներին թույլ է տալիս արագ արձագանքել սպառնալիքներին նույնիսկ դիտարկման բարդ պայմաններում։