Դամասկոսի իշխանությունները Սուրբ Ծննդյան և ամանորյա տոների նախաշեմին Սիրիայի մայրաքաղաքի պատմական թաղամասերում, այդ թվում՝ Բաբ Թումայում և Բաբ Շարկիում, փակել են մոտ 30 ռեստորան, սրճարան և առևտրային այլ հաստատություն, հաղորդում է Syria TV-ն։
Սահմանափակումները հարուցել են բիզնեսի սեփականատերերի բողոքն ու քրիստոնեական համայնքի մի մասի մտահոգությունը, որի ներկայացուցիչները տեղի ունեցողը գնահատում են որպես քրիստոնյաների նկատմամբ ճնշումների հնարավոր ուժեղացում։
Քաղաքային իշխանություններն իրենց հերթին պնդում են, որ փակումը կապված է խախտումների և տեղի բնակիչների բողոքների հետ։
Syria TV-ի տվյալներով, կիրակի՝ նոյեմբերի 29-ին, իշխանությունները պետք է ընդունեն փակված հաստատությունների այն սեփականատերերի դիմումները, որոնք ցանկանում են վերացնել խախտումներն ու վերսկսել աշխատանքը։
Ինչպես Դամասկոսից հայտնել է հեռուստաալիքի թղթակից Մարիաթ Աբադը, կապարակնիքները հանելու համար անհրաժեշտ է ներկայացնել լիցենզիաներ և իրավական այլ փաստաթղթեր, ինչպես նաև պարտավորվել վերացնել հայտնաբերված խախտումները, եթե այդպիսիք կան։
Տեղում գործող աղբյուրների տեղեկություններով, որոնց հղում է անում թղթակիցը, փակվել է մոտ 30 հաստատություն։ Ռեստորանների և խանութների սեփականատերերը դժգոհություն են հայտնում, քանի որ սահմանափակումները համընկել են Սուրբ Ծննդյան և Ամանորի մոտենալու հետ՝ բիզնեսի համար կարևոր մի ժամանակահատվածի։ Երկարատև փակումը կարող է հանգեցնել ամրագրումների չեղարկման, տոնական միջոցառումների խափանման և զգալի ֆինանսական կորուստների՝ անդրադառնալով նաև աշխատողների ու նրանց ընտանիքների վրա։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ փակումներից տուժած աշխատողների թիվը կարող է գերազանցել 450-ը։
Հին Դամասկոսի տնօրինությունը հերքում է Բաբ Թումայի և Բաբ Շարկիի ռեստորանների դեմ համընդհանուր արշավի իրականացումը։ Գերատեսչության հայտարարության համաձայն, ստուգումները պատասխան են եղել աղմուկի և անհանգստության վերաբերյալ բնակիչների ու եկեղեցիների բազմակի բողոքներին, ինչպես նաև ենթադրյալ այլ խախտումներին, այդ թվում՝ լիցենզիաների հետ կապված խնդիրներին, առանց թույլտվության միջոցառումների անցկացմանը և ապրանքների ապօրինի վաճառքին։ Իշխանություններն ընդգծում են, որ հաստատությունները փակելուց առաջ սեփականատերերին նախազգուշացումներ են ուղարկվում։
Միևնույն ժամանակ, աշխատանքի վերսկսման ժամկետների վերաբերյալ տեղեկությունները մնում են հակասական։ Որոշ տեղական էջեր հաղորդել են, որ հաստատություններն արդեն սկսել են բացվել, մինչդեռ տեղում գործող աղբյուրները նշել են, որ դրանց մի մասը շարունակում է փակ մնալ մինչև կիրակի օրը անհրաժեշտ ընթացակարգերի ավարտը։
Տեղեկությունների ստուգման «Թաքադ» հարթակն ավելի վաղ հայտնել էր, որ Բաբ Թումայում իր աշխատակիցների ուշադրության կենտրոնում հայտնված ռեստորանների մեծ մասը շարունակում էր գործել։ Երեք ռեստորանների և սրճարանների ներկայացուցիչներ, որոնց հետ հարթակի աշխատակիցները կապվել էին հեռախոսով, հաստատել էին, որ այցելուներ են ընդունում և սեղանների ամրագրման հնարավորություն են առաջարկում։ Միաժամանակ փակված հաստատություններից մեկի սեփականատերը հարթակին պատմել է, որ իր ռեստորանը կապարակնքել են հինգշաբթի՝ երեկույթներ անցկացնելու և աղմուկի վերաբերյալ հարևանների բողոքների պատճառով։ Նրա վկայությամբ, հաջորդ օրը կապարակնիքները հանվել են նախորդ օրը փակված բոլոր հաստատություններից։ Գործարարները, սակայն, մտավախություն ունեն, որ հետագայում փակման ժամկետները կարող են հասնել մեկ ամսվա։
Ստուգումների շուրջ վեճը ծավալվում է այնպիսի թաղամասերում, որոնք Սիրիայի քրիստոնյաների համար առանձնահատուկ պատմական և կրոնական նշանակություն ունեն։ Բաբ Թուման, Բաբ Շարկին և հարևան Քասաան հայտնի են հինավուրց եկեղեցիներով, կրոնական հաստատություններով, ռեստորաններով, սրճարաններով և ավանդական հյուրանոցներով։ Վերջին տասնամյակների ընթացքում այս թաղամասերը վերածվել են Դամասկոսի զբոսաշրջային և ժամանցային հայտնի կենտրոններից մեկի։
Տեղի բնակիչների և քրիստոնեական համայնքի ներկայացուցիչների մի մասը փակումները կապում է Սիրիայում իշխանափոխությունից հետո կրոնական փոքրամասնությունների վիճակի վերաբերյալ ավելի լայն մտահոգությունների հետ։
Եկեղեցիների ներկայացուցիչներն ավելի վաղ հայտարարել էին երկրի տարբեր հատվածներում քրիստոնյաների իրավունքների խախտումների և դրանց նկատմամբ ոտնձգությունների մասին։ Նոր ղեկավարության քննադատները նաև կոչ են անում Եվրամիությանն ու ԱՄՆ-ին Դամասկոսի հետ հարաբերությունների կարգավորման ֆոնին ավելի խստորեն վերահսկել նրա գործողությունները։





























