ԱՄՆ-ում քննարկում են 2028 թվականի նախագահական ընտրություններին անկախ թեկնածուների հնարավոր մասնակցությունը, որոնք կարող են մարտահրավեր նետել Հանրապետական և Դեմոկրատական կուսակցություններին։ Հավանական հավակնորդների թվում նշվում են դերասան Մեթյու Մաքքոնահին, պահպանողական մեկնաբան Թաքեր Կարլսոնը, ձեռնարկատեր Էնդրյու Յանը, լրագրող Դոն Լեմոնը և կոնգրեսական Թոմաս Մասին, գրում է The Hill-ը։

Նրանցից դեռ ոչ ոք պաշտոնապես չի հայտարարել իր թեկնածությունն առաջադրելու մասին։

Անկախ թեկնածուները հույս ունեին նոյեմբերին կայացած միջանկյալ ընտրություններում օգտվել երկու առաջատար կուսակցություններից ընտրողների դժգոհությունից, սակայն չկարողացան հաղթել առանցքային ընտրապայքարներում։ Այդուհանդերձ, նրանք մի քանի նահանգներում ազդեցին ընտրապայքարի վրա։ Նախագահական ընտրարշավում անկախ հավակնորդների համար նույնպես դժվար կլինի հաջողության հասնել, սակայն նրանք կարող են ձայներ խլել հանրապետականներից և դեմոկրատներից։

Թաքեր Կարլսոնն այս տարի տարաձայնություններ է ունեցել Հանրապետական կուսակցության հետ։ Ավելի վաղ նա հայտարարել էր, որ երբեք չի հետաքրքրվել քաղաքական կարիերայով, սակայն Washington Examiner-ը հայտնել է, որ մեկնաբանը կարող է երրորդ կուսակցության անունից ընտրարշավ նախապատրաստել, եթե հանրապետականներն առաջադրեն պետքարտուղար Մարկո Ռուբիոյի թեկնածությունը։ Պարբերականի տվյալներով, փոխնախագահ Ջեյ Դի Վենսի առաջադրման դեպքում Կարլսոնը, հավանաբար, չի մասնակցի ընտրություններին։ Մեկնաբանն ինքը չի հաստատել այս տեղեկությունները։

Մեթյու Մաքքոնահին գրավել է քաղաքական գործիչների ուշադրությունը՝ անկախ թեկնածուներին աջակցող տեսանյութ հրապարակելուց հետո։ Դերասանը հայտարարել է, որ նրանք կարող են ամերիկյան քաղաքականությունը վերադարձնել կենտրոնամետ ուղեգծի և պետք է ընտրություններին մասնակցեն որպես հաղթանակի իրական հավակնորդներ, այլ ոչ թե պարզապես ի նշան բողոքի։ Ձեռնարկատեր Էնդրյու Յանը նրա ուղերձը գնահատել է որպես Մաքքոնահիի քաղաքական ծրագրերի հնարավոր ակնարկ։ Դերասանն ինքը դեռ չի մեկնաբանել իր առաջադրման մասին ենթադրությունները։ Ավելի վաղ նա դիտարկել էր Տեխասի նահանգապետի պաշտոնում առաջադրվելու հնարավորությունը։

Էնդրյու Յանը, որը 2020 թվականի նախագահական ընտրարշավին մասնակցում էր անվերապահ բազային եկամուտ սահմանելու առաջարկով, 2021 թվականին լքել է Դեմոկրատական կուսակցությունն ու հիմնադրել կենտրոնամետ Forward կուսակցությունը։ Այս շաբաթ նա հայտարարել է, որ պատրաստ է դիտարկել նախագահական նոր ընտրարշավին մասնակցելու հնարավորությունը, եթե կարողանա օգուտ բերել երկրին։

CNN-ի նախկին հաղորդավար Դոն Լեմոնը հոկտեմբերին հայտարարել է, որ ընտրություններին իր մասնակցության հավանականությունը գերազանցում է 50 տոկոսը։ Ավելի ուշ նա հստակեցրել է, որ անպայման կառաջադրվեր, եթե դեմոկրատներին հաջողվեր հասնել Գերագույն դատարանի՝ Citizens United գործով որոշման վերանայմանը, որով կորպորացիաներին թույլատրվել է անսահմանափակ միջոցներ ծախսել քաղաքական գովազդի վրա՝ թեկնածուների հետ գործողությունները չհամակարգելու պայմանով։

Հանրապետական կոնգրեսական Թոմաս Մասին վերընտրվելու պայքարում պարտվել է Դոնալդ Թրամփի աջակցությունը վայելող թեկնածուին։ Այժմ նա դիտարկվում է որպես 2028 թվականին Լիբերտարիանական կուսակցության հնարավոր թեկնածու։ Մասին բազմիցս հակասություններ է ունեցել նախագահի հետ և դեմ է արտահայտվել նրա որոշ նախաձեռնություններին, սակայն դեռ չի հայտարարել նախագահական ընտրություններին մասնակցելու ծրագրերի մասին։