Ռուսաստանին հասանելի է դարձել Իրանում 162 կիլոմետրանոց Ռեշտ — Աստարա երկաթուղու երկայնքով ինժեներական հետազննություններ անցկացնելու համար անհրաժեշտ ամբողջ տարածքը, հայտարարել է Իրանում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Դեդովը՝ Farhikhtegan թերթին տված հարցազրույցում։

Ըստ նրա, «Հյուսիս — Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի արևմտյան հատվածում երկաթուղու շինարարության նախապատրաստական աշխատանքներ են ընթանում։

Ամբողջ ուղեգծի երկայնքով հողատարածքների հասանելիության տրամադրման մասին արձանագրությունը նոյեմբերի 4-ին Թեհրանում ստորագրել են ռուսաստանյան «Կասպիան սերվիսեզ» և իրանական CDTIC ընկերությունները։ Ավելի վաղ ռուսաստանյան կողմին էին տրամադրվել ընդհանուր 125 կմ երկարությամբ հատվածները, իսկ նոյեմբերի սկզբին՝ մնացած 37 կմ-ը։

Ռուսաստանցի մասնագետներն արդեն ստեղծել են գեոդեզիական հենակետային ցանց և իրականացրել օդալուսանկարահանում։ Այժմ կատարվում են ջրաօդերևութաբանական ուսումնասիրություններ և տեղագրական հանույթ։

Ռեշտ — Աստարա երկաթուղին պետք է միացնի Ռուսաստանի և Իրանի երկաթուղային ցանցերն ու դառնա Ադրբեջանով անցնող «Հյուսիս — Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի արևմտյան երթուղու կարևոր օղակը։

Շինարարության ավարտից հետո հնարավոր կլինի բեռները Ռուսաստանից երկաթուղով փոխադրել Իրանի հարավային նավահանգիստներ՝ առանց տրանսպորտի տեսակը փոխելու։

162 կմ երկարությամբ գծի կառուցման մասին համաձայնագիրը Մոսկվան և Թեհրանը ստորագրել են 2023 թվականի մայիսին։ Ծրագրի արժեքը գնահատվում էր շուրջ 1,6 մլրդ եվրո, որից 1,3 մլրդ եվրոն Ռուսաստանը նախատեսում էր տրամադրել միջպետական վարկի տեսքով։