Lufthansa-ի դուստր ընկերության՝ գերմանական Eurowings ավիաընկերության Airbus A321 ինքնաթիռը թռիչքից կարճ ժամանակ անց վերադարձել է Դյուսելդորֆի օդանավակայան՝ թռչնի հետ բախման պատճառով, հայտնում է dpa-ն։
Միջադեպը տեղի է ունեցել կիրակի օրը, երբ ինքնաթիռն ուղևորվում էր իսպանական Տեներիֆե կղզի։
Ինչպես dpa գործակալությանը հայտնել է Eurowings-ի ներկայացուցիչը, անձնակազմը նկատել է շարժիչներից մեկի թրթռումը և անվտանգության նկատառումներից ելնելով՝ որոշել վերադառնալ մեկնման օդանավակայան։
EW9558 չվերթի ինքնաթիռում եղել է 152 ուղևոր։ Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դյուսելդորֆում և տեխնիկական ստուգում է անցնում։ Ավիաընկերությունն ուղևորներին այլ ինքնաթիռ է տրամադրել՝ ճանապարհորդությունը շարունակելու համար։





























