ՕՊԵԿ+-ի «յոթնյակի» ձևաչափը դադարեցնում է աշխատանքը՝ երկրների կողմից նավթի արդյունահանման կամավոր կրճատման բոլոր պարտավորությունները կատարելուց հետո։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը, տեղեկացնում է «Коммерсантъ»-ը։
Միաժամանակ յոթ երկրները կշարունակեն հետևել նավթի շուկայում տիրող իրավիճակին՝ Մշտադիտարկման համատեղ նախարարական կոմիտեի (JMMC) շրջանակում։ Ըստ Նովակի, նիստերը կանցկացվեն երկու ամիսը մեկ։ Առաջին հանդիպումը նախատեսվում է անցկացնել հունվարի վերջին — փետրվարի սկզբին։
«Համաշխարհային շուկաներում իրավիճակը մնում է բավական լարված։ Կշարունակենք մշտադիտարկումը, և անհրաժեշտության դեպքում համաձայնագրի մասնակից երկրները կարող են շուկայի հավասարակշռման լրացուցիչ միջոցներ ձեռնարկել», — «Вести» լրատվական ծառայությանն է հայտնել Նովակը։
«Յոթնյակի» կազմում են Սաուդյան Արաբիան, Ռուսաստանը, Իրաքը, Քուվեյթը, Ղազախստանը, Ալժիրը և Օմանը։ 2023 թվականին այս երկրները պայմանավորվել էին ՕՊԵԿ+-ի սահմանած քվոտաներից բացի՝ նավթի օրական արդյունահանումը կամավոր կրճատել 1,65 մլն բարելով՝ համաշխարհային շուկայում հումքի ավելցուկից խուսափելու համար։
Սեպտեմբերին երկրները վերացրին սահմանափակումները՝ շուկա վերադարձնելով արդյունահանման նախկինում կրճատված ծավալները։ Այժմ «յոթնյակի» առանձին ձևաչափն ավարտում է աշխատանքը, սակայն մասնակիցները պահպանում են շուկայական իրավիճակից կախված՝ լրացուցիչ միջոցներ համաձայնեցնելու հնարավորությունը։





























