Իսպանիայի ազգային դատական պալատը որոշել է ժամանակավորապես ազատ արձակել ամերիկացի միլիարդատեր և բարերար Ջեյմս Քոքս Չեմբերսին, որը հայտնի է որպես Ֆերգի և ձերբակալվել էր Իբիցայում՝ ԱՄՆ-ի արտահանձնման պահանջի հիման վրա, հայտնում է El Pais-ը։
Որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ ամերիկյան կողմն ընդունել է իսպանական իշխանություններին ներկայացված փաստաթղթերի թարգմանության մեջ երեք էական սխալի առկայությունը։
Չեմբերսը ձերբակալվել էր հուլիսին՝ Ինտերպոլի օրդերի հիման վրա։ ԱՄՆ-ում նրան մեղադրանքներ են առաջադրվել փողերի լվացման, անկարգություններին մասնակցելու և անկարգություններ կազմակերպելու նպատակով դավադրության համար։ Դրանք կապված են 2023 թվականին իսրայելական պաշտպանական Elbit Systems ընկերության դեմ պաղեստինամետ բողոքի ցույցերին նրա մասնակցության հետ։ Մեղավոր ճանաչվելու դեպքում նրան կարող է սպառնալ մինչև 30 տարվա ազատազրկում։
Դատարանը որոշել է ակտիվիստին ազատ արձակել կալանքից, սակայն պարտավորեցրել է պահպանել մի շարք սահմանափակումներ․ նրա անձնագիրն առգրավվել է, նրան արգելվել է լքել Իսպանիան և պարտավորեցվել է ամեն շաբաթ ներկայանալ դատարան։ Դատավորները նշել են, որ ամերիկյան կողմի ընդունած սխալները կարող են էապես ազդել արտահանձնման գործի ելքի վրա։
ԱՄՆ-նը շարունակում է ձգտել Չեմբերսի արտահանձնմանը, սակայն ընդունել է, որ պահանջին կից ներկայացված ՀԴԲ գործակալի ցուցմունքների թարգմանության մեջ անճշտություններ են եղել։ Մասնավորապես, թարգմանիչն ավելացրել է «բռնություն» բառը, որը բնագրում չի եղել։ Վաշինգտոնը հայտարարել է, որ սխալները դիտավորյալ չեն եղել և եզակի դեպք են՝ պատասխանատվությունը դնելով թարգմանությունն իրականացրած մասնավոր ընկերության վրա։
Չեմբերսի պաշտպանական կողմը պնդում է, որ անճշտությունները մոտ 30-ն են եղել, և որոշ փոփոխություններ կարող էին միտումնավոր ավելի բացասական լույսի ներքո ներկայացնել ակտիվիստի գործողությունները։ Փաստաբանները կարծում են, որ մեղադրանքները քաղաքական դրդապատճառներ ունեն և կապված են նրա պաղեստինամետ գործունեության հետ։ Նրանց կարծիքով, փաստաթղթերում կատարված փոփոխությունները կարող էին ամրապնդել այն տպավորությունը, թե նա մասնակցել է ահաբեկչական գործունեության։
Ինքը՝ Չեմբերսը, հայտարարել է, որ իր դեմ մեղադրանքի մի ամբողջ վարկած են կառուցել։ Նրա փաստաբան Այտոր Մարտինեսը նույնպես հետապնդումը կապել է ձախակողմյան և հակաֆաշիստական շարժումների նկատմամբ Դոնալդ Թրամփի վարչակազմի քաղաքականության հետ։ Պաշտպանական կողմի կարծիքով, քրեական գործը հարուցվել է ցույցերից երեք տարի անց, բայց ազգային անվտանգության մասին այն հուշագրի ընդունումից հետո, որը դաշնային դատախազներին հանձնարարում է հետաքննել համապատասխան խմբերի գործունեությունը։
Ակտիվիստի կինը՝ դերասանուհի և պրոդյուսեր Ստելլա Շնաբելը, ավելի վաղ հայտարարել էր, որ իր ամուսինը քաղաքական հետապնդման է ենթարկվում Պաղեստինում Իսրայելի գործողությունների դեմ հանդես գալու համար։ Իսպանական դատարանը դեռ վերջնական որոշում չի կայացրել ԱՄՆ-ի արտահանձնման պահանջի վերաբերյալ։





























