235-րդ կայազորային զինվորական դատարանը ԱԴԾ նախկին աշխատակից Եվգենի Լոբանովին դատապարտել է 16 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի գաղութում պատիժը կրելու պայմանով, և 550 մլն ռուբլի տուգանքի՝ ավելի քան 181 մլն ռուբլի կաշառք ստանալու գործով։ Սա պահեստազորի նախկին գնդապետի նկատմամբ արդեն երրորդ դատավճիռն է, հայտնում է « «Коммерсантъ»-ը։
Նախորդ գործերում հիշատակված ապօրինի վարձատրությունների թվում էին 2,2 մլն ռուբլի արժողությամբ Rolex ժամացույցը, Mercedes-Benz ավտոմեքենան և Մոսկվայում Հռոմի կաթոլիկ եկեղեցու ներկայացուցչից ստացված գումարը։
Պարբերականի տվյալներով, դեկտեմբերի 1-ին Արևմտյան 2-րդ օկրուգային զինվորական դատարանը կքննի դատախազության հայցը, որով պահանջվում է պատժաժամկետը 16-ից դարձնել 17 տարի, Լոբանովին զրկել Սուվորովի մեդալից, բայց միաժամանակ տուգանքը նվազեցնել մինչև 500 մլն ռուբլի՝ օրենքով թույլատրելի առավելագույն չափը։
Լոբանովն առաջին անգամ դատապարտվել է 2024 թվականի օգոստոսին։ ԱԴԾ մեկ այլ նախկին աշխատակցի՝ Դենիս Կարմանովի հետ նա մեղավոր է ճանաչվել Մոսկվայում Հռոմի կաթոլիկ եկեղեցու ներկայացուցչից գրեթե 20 մլն ռուբլի ստանալու մեջ։ Քննության վարկածով, գումարը փոխանցվել է եկեղեցու շենքի շուրջ գույքային վեճի լուծմանն աջակցելու դիմաց։ Երկուսն էլ դատապարտվել են ինը տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի գաղութում պատիժը կրելու պայմանով, և 39,9-ական մլն ռուբլի տուգանքի։
2025 թվականի մարտին Լոբանովը կրկին դատապարտվել է՝ «Մոլոկո» ընկերության հիմնադիր, գործարար Դմիտրի Պոլյակովից կաշառք ստանալու համար։ Բիզնեսին հովանավորելու և տարբեր հարցերի լուծմանն օգնելու դիմաց գործարարը հատուկ ծառայության նախկին աշխատակցին փոխանցել է 3 մլն ռուբլի, նվիրել 2,2 մլն ռուբլի արժողությամբ սպիտակ ոսկուց Rolex Yacht-Master II ժամացույց և օգտագործման տրամադրել Mercedes-Benz G 400D ավտոմեքենա։ Գումարի, նվերի և գույքային բնույթի ծառայությունների ընդհանուր արժեքը քննությունը գնահատել է ավելի քան 11,4 մլն ռուբլի։ Երկու դատավճիռների համակցությամբ Լոբանովի պատժաժամկետն այն ժամանակ կազմել է 11 տարվա ազատազրկում՝ 45 մլն ռուբլի տուգանքով։
Երրորդ գործը վերաբերում էր միկրովարկավորման և պարտքերի հավաքագրման ոլորտների ընկերությունների հետ կապված ռոստովցի գործարար Իգոր Վիշնյակովից 181,47 մլն ռուբլի ստանալուն։ Ինչպես պարզել է քննությունը, 2019-ից 2023 թվականներին գործարարը գումար է փոխանցել ընկերություններին և դրանց հետ կապված անձանց ընդհանուր հովանավորություն ցուցաբերելու դիմաց։ Միջոցները փոխանցվել են, մասնավորապես, Լոբանովի՝ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված կնոջ հետ կնքված կեղծ պայմանագրերով։
Այս գործով նախկին գնդապետն ամբողջությամբ ընդունել է մեղքը։ Դատարանը նրան դատապարտել է տասը տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի գաղութում պատիժը կրելու պայմանով, և 544 մլն ռուբլի տուգանքի, իսկ դատավճիռների համակցությամբ վերջնական պատիժ է սահմանել 16 տարվա ազատազրկումն ու 550 մլն ռուբլի տուգանքը։
Լոբանովի փաստաբան Դմիտրի Շադուրին պատիժը չափազանց խիստ է համարում՝ հաշվի առնելով մեղքի ընդունումն ու իր պաշտպանյալի վաստակը, այդ թվում՝ Հյուսիսային Կովկասում հակաահաբեկչական գործողությանը և Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցությունը։ Միաժամանակ պաշտպանը համաձայնել է տուգանքը նվազեցնելու անհրաժեշտությանը, սակայն դեմ է արտահայտվել նախկին գնդապետին Սուվորովի մեդալից զրկելուն։
Փաստաբանի հաղորդմամբ, Լոբանովը վեց անգամ դիմում է ներկայացրել Ռուսաստանի պաշտպանության նախարարության հետ պայմանագիր կնքելու համար՝ պատերազմին մասնակցելու նպատակով, սակայն նրա դիմումներին ընթացք չի տրվել։ Մինչդեռ առաջին գործով դատապարտված Դենիս Կարմանովը կարողացել է գրոհային գումարտակի կազմում մեկնել ռազմաճակատ և պետական պարգև ստանալ։





























