Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ երկիրը նրանց հետ երկու ռազմական հակամարտություններից հետո հասել է սովորական սպառազինությունների ոլորտում ԱՄՆ-ին և Իսրայելին զսպելու մակարդակի, հայտնում է Press TV-ն։

«Ես համարձակորեն հայտարարում եմ, որ սովորական պատերազմի ոլորտում, ինչպիսիք են 12-օրյա և 40-օրյա պատերազմները, որոնք ԱՄՆ-ն և սիոնիստական վարչակարգը սանձազերծեցին մեր դեմ, մենք հասել ենք զսպման մակարդակի։ Մենք պարտավոր ենք զսպման նման մակարդակի հասնել նաև այլ ոլորտներում», — ասել է նա։

Շաբաթ օրը ելույթ ունենալով ավելի քան 50 լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանը՝ Ղալիբաֆը հավելել է, որ Իրանին հաջողվել է հակառակորդներին ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքական պարտության մատնել։

Ըստ նրա, ԱՄՆ-ն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի հետ դիմակայությունում ոչ միայն ռազմական անհաջողություն են կրել, այլև պատերազմի հետևանքով քաղաքական պարտություն են կրել սեփական քաղաքացիների աչքում։

Խորհրդարանի խոսնակը նախազգուշացրել է, որ հակառակորդի սխալ հաշվարկի և նոր պատերազմի մեկնարկի դեպքում Իրանը նրան կդիմակայի այլ կերպ, քան 40-օրյա հակամարտության ընթացքում։

Ղալիբաֆն ընդգծել է, որ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլա Սեյեդ Մոջթաբա Խամենեիի ցուցումների համաձայն, Իրանը պետք է վերջ դնի այն իրավիճակին, երբ երկիրը պաշտոնապես ո՛չ պատերազմի, ո՛չ խաղաղության մեջ է։

Նրա համոզմամբ, պատերազմի սպառնալիքը հնարավոր չէ վերացնել ո՛չ բանակցություններով, ո՛չ էլ ռազմական գործողություններով․ դրա համար անհրաժեշտ է ապահովել կայուն զսպում։

Ղալիբաֆը հայտարարել է, որ Իրանն արդեն հաղթող է դուրս եկել իրեն պարտադրված պատերազմից, քանի որ դիմակայել է մարտական բարձր կարողություններ և զգալի աջակցություն ունեցող երկու բանակների՝ մղելով, իր բնորոշմամբ, «իսկական լայնամասշտաբ պատերազմ»։

Խոսնակը նշել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելն իրենց առջև կոնկրետ նպատակներ էին դրել, այդ թվում՝ Իսլամական Հանրապետության տապալումը։ Իսրայելը, հավելել է նա, ձգտում էր ոչ միայն տապալել Իրանի ղեկավարությանը, այլև մասնատել երկիրը։

Ղալիբաֆը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ի Դեմոկրատական և Հանրապետական կուսակցությունները հետապնդում են Իսլամական Հանրապետությունը տապալելու ընդհանուր նպատակ՝ տարբերվելով միայն մեթոդներով և մոտեցումներով։

Ըստ նրա, նրանցից ոչ մեկը Իրանի նկատմամբ ներողամտություն չի ցուցաբերել։

Իրանն անվանելով կայացած տարածաշրջանային տերություն և ուժեղ պետություն՝ խոսնակն ընդգծել է վճռական հաղթանակի հասնելու համար ազգային միասնության պահպանման կարևորությունն ու հակառակորդի առջև թուլություն դրսևորելու անթույլատրելիությունը։