News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


ՀՀ Մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը կդիմի դատարան, եթե մինչև հաջորդ տարվա մայիս Գառնիի գյուղապետ Աշոտ Վարդանյանը թույլ չտա բացօթյա սեզոնային սրճարան բացել Գառնու տաճարի արքունական բաղնիքի դիմաց: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՊՈԱԿ-ի ղեկավար Վլադիմիր Պողոսյանը` անդրադառնալով գյուղապետի երկրորդ մերժմանը, որը գյուղապետը բացատրում է տաճարի հատուկ պահպանվող տարածք լինելու փաստով։

«Գյուղապետը հիմնավոր չի մերժել մեր գրությունը: Մենք նախատեսում ենք, բնականաբար, եթե այսպես կշարունակվի, և մենք խնդիր ունենանք տաղավարի բուն տեղադրման հետ, ապա կդիմենք դատարան և կստանանք թույլտվությունը, քանի որ մեզ մոտ ամեն ինչ արվում է օրենքով»,- ասաց ՊՈԱԿ-ի ղեկավարը։

Գառնու տաճարի տարածքում սրճարանը տեղադրվում է Ռուսաստանի քաղաքացի Կարեն Մաիլյանի ներդրումներով. «Ռուսաստանի հայերից է ու 6 մլն դրամի ներդրում է արել սրճարանի տեղադրման համար, իսկ սրճարանից ստացված եկամուտը բնականաբար ՊՈԱԿ-ինն է լինելու»,- նշեց Պողոսյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ Մշակույթի նախարարության ՊՈԱԿ-ը նախատեսում է հաջորդ տարվա մայիսին Գառնիում բացօթյա սեզոնային սրճարան բացել: Գյուղապետ Աշոտ Վարդանյանը նոյեմբերի 27-ին մերժել է ՊՈԱԿ-ի ղեկավար Վլադիմիր Պողոսյանին` հայտնելով, որ ինքը թույլ չի տալու կառուցել սրճարանը, մինչեւ չունենա Մշակույթի նախարարության հստակ եզրակացությունը, որ շինության տարածքը պեղումների ենթակա չէ։ Ի պատասխան գյուղապետի նամակի` Պողոսյանը NEWS.am-ին ասել էր, որ տարածքն ուսումնասիրված է և կա հնագետի եզրակացությունը:

Տպել
Ամենաշատ