NEWS.am-ի փետրվարի 7-ի «Քաղաքապետարանի դաժան մեթոդները. ձմռան ցրտին բնակիչներին թողել են առանց ջրի ու էլեկտրականության» անդրադարձից  հետո նույն օրը ՀԵՑ-ի տեսուչները կրկին միացրել են Շինարարների 15 հասցեում գտնվող վթարային շենքը սնուցող հոսանքագիծը:

«Ձեր նկարելուց ու գնալուց մոտ երկու ժամ անց եկան, միացրին հոսանքը, պատճառաբանեցին, թե ուրիշ խնդիրներ են եղել էլեկտրականության հետ կապված: Ասացին՝ իբր շենքից ապօրինի կերպով հոսանքին միացող է եղել»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց  նույն շենքի բնակիչ Արման Խաչատրյան՝ նշելով, որ շենի ջրամատակարարումը, այնուամենայնիվ, դեռ չեն վերականգնել։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Շինարարների 15 հասցեում գտնվող վթարային շենքի բնակիչներին քաղաքապետարանը Սիսակյան 22 փողոցի նորակառույց շենքում նոր բնակարաններ է տրամադրել, սակայն վթարային շենքի մի քանի ընտանիքներ հրաժարվում են տեղափոխվել իրենց հատկացված բնակարաններ՝ պահանջելով բարելավում, քանի որ անբավարար են համարում իրենց առաջարկվող նոր բնակարանային պայմանները։

Մեր այն հարցին, թե մինչեւ երբ են պատրաստվում մնալ վթարային շենքում, շենքի բնակիչը պատասխանեց. «Մեր առաջին նպատակն է ջրամատակարարումը վերականգնել: Մենք դեռ չենք պատրաստվում էստեղից տեղափոխվել, որովհետեւ մենք քաղաքապետարանի հետ դեռ չլուծված խնդիրներ ունենք»: