Մինչ Շինարարների 15 հասցեում գտնվող վթարային շենքի բնակիչները փորձում են պարզել թե, ում ցուցումով է փետրվարի 3-ին հեռացվել շենքի ջրագիծը, այսօր` փետրվարի 7-ին, կեսօրից հետո, ՀԵՑ-ի տեսուչները անջատեցին նաեւ շենքը սնուցող հոսանքագիծը՝ շենքում մնացած 5 ընտանիքներին փաստորեն թողնելով առանց էլեկտրականության ու ջրի՝ դրանով փորձելով ստիպել բնակիչներին դուրս գալ շենքից եւ տեղափոխվել Սիսակյան 22 հասցեում գտնվող նորակառույց շենքում իրենց հատկացված բնակարաններ:
Վթարային շենքի բնակիչները հրաժարվում են տեղափոխվել, քանի որ կարծում են, որ առաջարկվող պայմանները չեն բավարարում իրենց բնակարանային կարիքները։
Երեք անչափահաս երեխաների հայր Արման Խաչատրյանը, որը 1994-ից ապրում է Շինարարների 15 հասցեում, NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ քաղաքապետարանից պահանջում է իր ներկայիս երկու սենյականոց բնակարանի փոխարեն գոնե հատկացնեն երկու առանձին մեկ սենյականոց բնակարաններ, որպեսզի կարողանա կազմակերպել հաշմանդամություն ունեցող ծնողների խնամքը: Նրա խոսքով՝ անհնար է երեք անչափահաս երեխաների ու հաշմանդամություն ունեցող ծնողների հետ ապրել երկու սենյականոց բնակարանում։
7 հոգանոց ընտանիքը ջուրն արդեն 5-րդ օրը հարեւան թաղամասերից շշերով է բերում, նույնիսկ չեն կարողանում տարրական կարիքները հոգալ:
«Ես երեք անչափահաս երեխա ունեմ: Երկուսը դպրոց են գնում, մեկը` մանկապարտեզ: Ծնողներս հաշմանդամ են, ջուրն ուղղակի անհրաժեշտություն ա: Մենք ո՞նց ապրենք: Հայրս նենց հիվանդ ա, որ օրվա մեջ մի քանի լիտր ջուր ա պետք հորս խնամելու համար»,- ասաց Արման Խաչատրյանը։
Նույն շենքում բնակվող Թամարա Գասպարյանի 82-ամյա մայրը նույնպես տեղաշարժման հետ կապված խնդիրներ ունի: Տիկին Թամարայի խոսքով, իրենք ջուրը կամ գնում են, կամ շշերով բերում, ինչը մեծ դժվարություն է առաջացնում հիվանդին խնամելու համար:
Ի դեպ, շենքի բնակիչները քաղաքապետարանից 2014թ. հունվարի 31-ով թվագրված մինչեւ փետրվարի 3-ը վթարային շենքը ազատելու մասին ծանուցում են ստացել, սակայն գրությունը բնակիչներին է հասել միայն փետրվարի 4-ին:
Մեզ հետ զրույցում տիկին Թամարայի քույրը` Անուշ Գասպարյանը, ասաց, որ ջրամատակարարումը վերականգնելու խնդրանքով իրենք դիմել են քաղաքապետարան:
«Զանգեցի քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության վարչության պետին` Կառլեն Ղազարյանին: Ղազարյանն ինձ միանգամից ասաց, որ ընդունելության օրեր չկան քաղաքացիների համար ու ասաց` տուն են տվել, գնացեք ձեր տները, վաղն էլ գալու են հոսանքն անջատեն»,- ասաց շենքի բնակչուհին:
Փաստորեն քաղաքապետարանի պաշտոնյան իր սպառնալիքն իրականացրել է։ Այսօր NEWS.am-ի թղթակցի ներկայությամբ անջատել են շենքի էլեկտրականությունը։
Քաղաքապետարանից մեր հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ շենքի ջրամատակարարումը դադարեցրել են՝ հաշվի առնելով քանդման ենթակա շենքի փլուզման սպառնալիքը և անկանխատեսելի հետևանքները, որի դեպքում վտանգ է սպառնում ոչ միայն 4-րդ կարգի վթարային շենքում մնացած ընտանիքների կյանքին ու առողջությանը, այլև շենքի հարակից ընդհանուր օգտագործման տարածքներից օգտվող այլ քաղաքացիներին:
«Ծրագրով նախատեսված շենքի քանդումն ապահովելու և բնակիչների վերաբնակեցումն իրականացնելու նպատակով Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումներով 2011-2013թթ.-ին հատկացվել է թվով 34 բնակարան՝ Երևան համայնքի սեփականություն համարվող նորակառույց շենքերում, այդ թվում Սիսակյան 22 հասցեում գտնվող շենքում:
Շինարարների 15 շենքում բնակվող 30 ընտանիքները բնակարաններն ազատել են մինչև 2013թ. սեպտեմբեր ամիսը: Սակայն նույն շենքի 4 բնակարանները զբաղեցնող ընտանիքները հրաժարվել են կամավոր ազատել բնակարանները և տեղափոխվել իրենց հատկացված՝ մոնոլիտ միջհարկային ծածկեր ունեցող նոր կառուցած շենքի բնակարանները, որոնք ապահովված են բնակության համար անհրաժեշտ բոլոր հարմարություններով...Երևանի քաղաքապետարանը, անարդյունք համարելով բնակիչների հետ տարվող աշխատանքը... ստիպված կիրառել է վարչական հարկադրանքի միջոցներ։ Երևանի քաղաքապետարանը քանդման ենթակա շենքերից վերաբնակեցումն իրականացնում է ՀՀ կառավարության 25.10.2000թ. հ.682 որոշմամբ հաստատված կարգին համապատասխան, ինչը չի նախատեսում բնակիչների վերաբնակեցումն իրականացնել բարելավումով և մեկ գույքային միավորի դիմաց հատկացնել հավելյալ կառուցվածքով բնակարան և /կամ/ լրացուցիչ բնակարան, ինչպես նաև չի նախատեսում հավելավճարի դիմաց կատարելու բնակմակերեսի ավելացում»,- ասվում է քաղաքապետարանի պարզաբանման մեջ։











