News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


30 տարի առաջ տարիքային 13 տարվա տարբերությունը էջմիածնեցի Ռոբերտ Աբրահամյանին եւ Վրաստանի ապագա նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին չխանգարեց մտերմանալ ու ընկերներ դառնալ։

Էջմիածնի զորամասում ծառայող որդուն Վրաստանից տեսակցելու եկած Գիորգիի մոր հետ  Ռոբերտ Աբրահամյանը ծանոթացել է 1988թ. Էջմիածին քաղաքի փոստատանը: «Հրավիրեցի մեր տուն, ծանոթացավ կնոջս հետ, համոզեցի, որ էլ հյուրանոց չվերադառնա, որտեղ որ հանգրվանել էր: Հաջորդ օրը ես գնացի որդուն տեսա, զորամասում ծանոթներ ունեի: Իմ խաթր մեկ-մեկ բաց էին թողնում, գալիս էր, մեր տանն էր մնում: Լինում էր, որ օրերով մնում էր մեր տանը, հատկապես որ ծնողները գալիս էին տեսակցության: Իսկ նրանք հաճախ էին գալիս»,- NEWS.am-ին պատմեց Ռոբերտ Աբրահամյանը:

Ռոբերտի և Գիորգիի ընկերությունը շարունակվել է նաև ծառայությունից հետո: Հին ընկերոջը Ռոբերտը հաճախ է այցելել: Այցելելիս չի մոռացել Գիորգիի ամենասիրելի հայկական ուտեստները՝ իր կնոջ պատրաստած հայկական սուջուխ, չիր ու պահածոյացված կարմիր պղպեղ տանել։

Վրաստանում նախագահական ընտրություններից առաջ Գիորգիի մայրը զանգահարել է Ռոբերտին ու խնդրել իր փոխարեն իր տղայի համար Էջմիածնի Մայր տաճարում մոմ վառել: «Հնարավոր է, ես էլ իմ աղոթքով իմ փոքրիկ ներդրումն ունեմ իր նախագահ դառնալու մեջ»,-նշեց Ռոբերտ Աբրահամյանը:

Մարգվելաշվիլիի նախագահ դառնալուց հետո այսօրվա հանդիպումը առաջինն էր հին ընկերների համար։ Ռոբերտն իր ընկերոջ՝ Գիորգիի այցելության մասին իմացել էր մի քանի օր առաջ ու արդեն մի քանի օր Ռուբենենց ընտանիքն ու ամբողջ թաղը պատրաստվում էր այսօրվա հանդիպմանը։

Պաշտոնական հանդիպումներից հետո Վրաստանի նախագահն այցելել է Էջմիածնում բնակվող իր ընկերոջը։ Հանդիպումը նախատեսվածից երկար է տևել: Ռոբերտի համար դժվար է եղել միաժամանակ ընդունել և իր ընկեր Գիորգիին, և հարևան երկրի նախագահին:

«Մի հաճելի երազ էր, որից էլ չէի ցանկանա արթնանալ: Ոնց որ երկու մարդու ընդունած լինեինք: Բայց, փառք աստծո, առաջինը հաղթեց: Ճիշտ է, կողքից մարդկանց ներկայությունը հիշեցնել էր տալիս, որ նա Վրաստանի պրեզիդենտն ա, բայց հենց խոսակցությամբ էինք տարվում, մենք մեր Գիորգիի հետ էինք զրուցում: Ինձ համար ինքն ավելի շատ իմ Գիորգին էր, քան պրեզիդենտ Գիորգին»,- ասաց Ռոբերտ Աբրահամյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ