News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 12
Տեսնել լրահոսը


Արագածոտնի մարզի Կարբի եւ Օհանավան գյուղերի մոտ՝ Կարբի ձորում նոր ՀԷԿ-ի կառուցման դեմ պայքարող հարակից յոթ գյուղերի հարյուրավոր բնակիչներ մարտի 19-ի կեսօրին քարեր են շարել Երեւան-Ապարան մայրուղու վրա ու մայրուղին փակել՝ պահանջելով հեռացնել շինհրապարակ բերված խողովակները (ֆոտոռեպորտաժ

Ոստիկանները նախապես շղթա են կազմել՝ փորձելով արգելել գյուղացիներին փակել մայրուղին, բայց իրավապահները փոքրաթիվ էին, ու նրանց չի հաջողվել կանգնեցնել գյուղացիներին։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Երեւան-Ապարան մայրուղու վրա են նաեւ Աշտարակի ոստիկանապետ Արթուր Արիստակեսյանը եւ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը։ Մարզպետը վստահեցրել է, որ ՀԷԿ-ը, ինչպես խոստացել էին, չի կառուցվելու, եւ հիշեցրել է, որ Կարբի եւ Օհանավան համայնքների ոռոգման համակարգի ուսումնասիրման նպատակով ստեղծված կառավարական  հանձնաժողովը պետք է ստուգումներ անցկացնի, հանդիպումներ ունենա նաեւ համայնքների բնակիչների հետ եւ իր եզրակացությունները ներկայացնի կառավարությանը, ինչից հետո էլ կորոշվի ՀԷԿ-ի կառուցման հարցը։

Բնակիչները, սակայն, ասել են որ նրան չեն հավատում. նրանք լսել են, ինչպես է հանձնաժողովի նախագահ, ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Արտաշես Բախշյանը հեռուստատեսությամբ ասել, որ ՀԷԿ-ը կառուցվելու է։

«Մարզպետի խոսքը մեզ համար կոպեկ չարժե, կառավարության հետ իր լեզվով պետք է խոսել, իրենք զոռբայություն են անուն, մենք էլ կանենք»,- ասել է գյուղացիներից մեկը, ինչին հավաքվածներն արձագանքել են ծափահարություններով։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ոստիկանները քարերը հեռացրել են մայրուղուց, սակայն գյուղացիները չեն հեռանում։ Ոստիկանները զգուշացրել են, որ եթե նրանք մայրուղին չբացեն, իրենք ստիպված կլինեն օրենքով սահմանված կարգով  վարչական տույժի ենթարկել նրանց։

«Մինչեւ վարչապետն անձամբ չգա, այստեղ մամուլի ասուլիս չտա, չենք գնալու»,- ասել են գյուղացիները։

Հիշեցնենք, որ ՀԷԿ-ի կառուցման դեմ պայքարում են Արագածոտնի մարզի Ուշի, Օհանավան, Արտաշավան, Կարբի, Սաղմոսավան, Երզնկա, Եղվարդ  գյուղերի բնակիչները։ Նրանք մտավախություն ունեն, որ նոր ՀԷԿ-ի պատճառով իրենք կզրկվեն ոռոգման ջրից, քանի որ Ապարանի ջրամբարից ՀԷԿ-ն այնքան ջուր է վերցնելու, որ իրենց այգիները կցամաքեն։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ