Որևէ մարդու հագով մի կարեք նոր խոշորացվող համայնք։ Սեպտեմբերի 9-ին Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը։

Նա հավելել է, որ Վանաձոր համայնքը դե-յուրե չի խոշորացվել և երբևէ չի ներառել գյուղական բնակավայրեր, սակայն իշխանությունները նորից ցանկանում են համայնքի խոշորացում իրականացնել և քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ երկրի երրորդ քաղաքին կցել դրա հետ որևէ կապ չունեցող գյուղեր։

Նրա խոսքով՝ իշխանությունները մտածում են այն մասին, թե որ համայնքները և ինչպես խոշորացնեն, որպեսզի տարբեր մակարդակների ընտրություններում առավելագույն թվով ձայներ հավաքեն։ «Այդ որոշումները չեն բխում համայնքների զարգացման հետաքրքրություններից», — նշել է Ասլանյանը։