Մայիսի 28-ը հիմնադրողներն այն անվանել են Անկախության, ոչ թե Առաջին հանրապետության օր, և այսօր ոչ ոք իրավունք չունի փոփոխելու մեր նախնիների որոշածը: Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, Հանրապետության հրապարակում հայտարարեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը` նշելով, որ մայիսի 28-ը պետք է նշվի որպես անկախության, իսկ սեպտեմբերի 21-ը՝ ազգային ինքնորոշման:
«Արդեն 2 տասնամյակ է, մենք ասում ենք. մայիսի 28-ը հիմնողների կողմից կոչվել է Անկախության օր: Լեւոն Տեր-Պետրոսյան կամ Մոսկվայի այլ գաղտնի գործակալներ, դուք իրավունք չունեք մեր հայրերի որոշած անունը փոխել: Նրանք այս օրը կոչեցին 1-ին Հանրապետության օր, իսկ ազգային ինքնորոշման օրը` սեպտեմբերի 21-ը` Անկախության օր: Այսինքն՝ արեցին մի բան, որ իրականությունից բավական հեռու է` փորձելով իրենց վերագրել ազգի համար կարևոր մի գաղափար: Դրա հետևանքով խեղվեց ճշմարտությունը, որը նշանակում է` մենք հեռացանք Աստծուց, հեռացանք հաջողությունից»,- լրագրողների հետ զրույցում ասաց Պարույր Հայրիկյանը, որը մի քանի տասնյակ ԱԻՄ-ականների հետ հավաքվել էր Հանրապետության հրապարակում: Նա նշեց, որ իրենք այսօր կարևոր են համարում անկախության գաղափարը շեշտելը, քանի որ մեր անկախությանը «վտանգ է սպառնում մաքսային միության տեսքով»:
Պարույր Հայրիկյանը նշեց, որ առավոտյան ԱԻՄ-ականները եղել են Էջմիածին քաղաքում, որտեղ ծաղիկներ են դրել Գևորգ 5-րդ կաթողիկոսի շիրիմին, որը, ԱԻՄ առաջնորդի խոսքով, եղել է մայիսի 28-ի հոգևոր ճարտարապետը:
«Եթե ի պատասխան հորդորին` հեռանալ Էջմիածնից եւ գնալ Բյուրական, նա ժամանակին չպատասխաներ, որ եթե հայ զինվորն ի վիճակի չէ պաշտպանել Էջմիածինը, ես նախընտրում եմ մեռնել Էջմիածնի շեմին, այդ համազգային զարթոնքը տեղի չէր ունենա»,-ասաց Պարույր Հայրիկյանը:
ԱԻՄ-ականներն այսօր կայցելեն նաև 1918թ. ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանի, ազգային հերոս Մովսես Գյորգիսյանի շիրիմներին:











