News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը տեղի ունեցած դիվերսիոն գործողության հետեւանքով վիրավորված ժամկետային չորս զինծառայողները ստացել են գլխուղեղի, աչքի բեկորային վնասվածքներ, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:

«Առողջացման շանսերը բոլորի մոտ բարձր է, բացառությամբ մի զինծառայողի, որի աչքերի վնասվածքը մի քիչ լուրջ է: Հավանական է, որ մի աչքը չտեսնի: Մնացածի վիճակը գնահատվում է միջին ծանրության: Գնդացրային թափանցիկ վիրավորումներ են եղել բոլորի մոտ, կատարվել են վիրահատություններ: Հիմա հետվիրահատական շրջանն է, որն անցնում է հարթ, մնացածը ժամանակի խնդիր է ընդամենը»,- ասաց նա:

Արամ Ասատուրյանի խոսքով՝ զինծառայողները ստացել են վիրավորումներ մարմնի տարբեր մասերին՝ գլխին, կրծքավանդակին, ստորին վերջույթներին:

«Այս վնասվածքները մեզ համար բարդություն չեն ներկայացնում, բարդ վիրավորումներ չունենք մենք, իսկ մեր զինվորների հոգեբանական վիճակը մշտականապես բարձր է, մենք մեր մայր հողն ենք պաշտպանել, եւ մեր մարտական ոգին բարձր է՝ անկախ մեր կարգավիճակից»,- ավելացրեց հոսպիտալի պետը՝ ընդգծելով, որ դեռ վաղ է խոսել ապաքինման ժամկետների եւ դուրսգրման մասին:

Նշենք, որ դեպքից ընդամենը ժամեր անց վիրավորված զինծառայողներին տեղափոխել են Երեւան՝ կենտրոնական զինվորական հոսպիտալ:

Ավելի վաղ ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, ժամանակին հավաստանշելով հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, դիմել էին պատասխան գործողությունների եւ, նրանց պատճառելով նշանակալի կորուստ, հետ շպրտել ելման դիրքեր: Ըստ նախնական տվյալների՝ ադրբեջանական կողմը տվել է առնվազն  երկու զոհ եւ մեկ վիրավոր: Ադրբեջանական գրոհայիններին դիմակայելու ընթացքում պաշտպանության բանակը ունեցել է մեկ կորուստ:  Հակառակորդի դեմ ծավալված մերձամարտում զոհվել է ՊԲ զինծառայող, եֆրեյտոր, 1995թ.  ծնված Էրիկ Վիլենի Գասպարյանը, եւս չորս զինծառայող վիրավորվել էին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ