Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի բնակչուհի, հուլիսի 2-ին Երեւանի «Արմենիա» ԲԿ-ում մահացած,  հղիության 5-րդ ամսում գտնվող 28-ամյա Նարինե Շարոյանի մահվան մեջ Նարինեի հարազատները մեղադրում են «Արմավիր» բժշկական կենտրոնի բուժանձնակազմին, ուր հղին տեղափոխվել էր մահվանից երկու օր առաջ՝ թունավորում ախտորոշմամբ:

«Հունիսի 28-ին երեկոյան ձմերուկ ենք կերել, քնել ենք: Արթնացանք՝  հարսս ասեց, որ առավոտյան ժամը 7-ին հետ է տվել: Հետո լավ էր, միայն 2-3 ժամ հետո էլի հետ տվեց: Զանգեցինք բժշկուհուն, նա ճնշման դեղ ասեց, տղաս գնաց, առավ: Հարսս էդ դեղից հետո էլ էլի փսխեց: Ու էդ ամեն ինչը տեւել է 15 րոպե: Տարանք Հոկտեմբերյան, գինեկոլոգիայի բաժանմունք: Հերթապահ բժշկուհի Հասմիկ Հակոբյանը էխո արեց, ասեց, որ Նարինեն ոչ մի գինեկոլոգիական պրոբլեմ չունի: Ասեց՝ թունավորվել է, ուղարկեց ինֆեկցիոն բաժանմունք: Բայց դա ոչ թե ինֆեկցիոն հիվանդանոց էր, այլ անասնագոմ, կեղտոտ, հին շենք՝ գետնին կպած, պոկված մահճակալներով»,-NEWS.am-ին պատմեց Նարինեի սկեսուրը՝ Սրբուհի Մինասյանը:

Նարինեի ամուսինը՝ Գագիկ Մինասյանը, մեզ հետ զրույցում պատմեց, որ երբ ինքը Նարինեին տարել է ինֆեկցիոն բաժանմունք, այնտեղ միայն չորս բուժքույր է եղել, որոնք պատշաճ օգնություն ցույց չեն տվել հղի կնոջը:

«Ես իրանց էլ եմ ասել՝ դուք բժի՞շկ եք, թե՞ ոչխար: Նայում էին երեսիս: Կինս էլ չի կարում հետ տա, էլ ուժ չունի, օգնություն ցույց չեն տալիս: Վազում եմ բժշկուհու մոտ, ասում ա՝ գամ, ի՞նչ անեմ, բաժնի պատասխանատուն Առաքելյանն ա: Գնում եմ իր մոտ, գալիս է ու հետո իր միջնորդությամբ սիստեմա են միացնում»,-ասաց Գագիկ Մինասյանը՝ նշելով, որ դրանից հետո Նարինեի վիճակը լավացել է, սկսել է խոսել: Գագիկի խոսքով՝ Նարինեի արնահոսելը նկատել են միայն այն ժամանակ, երբ նա իրեն խնդրել է տեղից բարձրացնել: «Բարձրացնում եմ կնոջս, տեսնեմ՝ եռում ա, 41 աստիճան ջերմություն ունի, ինքը չի զգում, որ արնահոսում ա: Բարձրացնում եմ ու ինչ տեսնեմ: Վերջին խոսքն էն էր, որ թեքվեց, ասեց՝ Գագո, էս վերջն ա»: Նարինեի վիճակի մասին տեղեկացրել են բժիշկներին, ինչից հետո կնոջը տեղափոխել են վիրահատարան՝ կեսարյան հատում անելու։

Ինչպես NEWS.am-ին պատմեց Նարինեին վիրահատած բժիշկներից մեկը՝ մանկաբարձ-գինեկոլոգ Արմեն Վարդանյանը, կեսարյան հատում է արվել, այնուհետեւ շտապ  անհրաժեշտություն է առաջացել, եւ հեռացվել է արգանդը, ապա իրենք Երեւանից մասնագետներ են կանչել, քանի որ հիվանդը տարբեր մասնագետների հետազոտության կարիք է ունեցել: Նա նշեց, որ, մինչեւ վիրահատությունը թեեւ անհրաժեշտությունը կար հիվանդին Երեւան տեղափոխելու, բայց չէին կարող, քանի որ նա արնահոսում էր եւ կարող էր ճանապարհին մահանալ: Բժշկի խոսքով՝ իրենք արել են ամեն ինչ, որ հնարավոր էր, և դրա մասին վկայում է այն, որ Նարինեն «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխվելուց հետո երկու օր ապրել է, գիտակցության է եկել: Արմեն Վարդանյանը նշեց, որ Նարինեն արյան ոչ բավարար մակարդելիություն է ունեցել, ինչը թունավորման եւ նրա մոտ առկա մյուս տվյալների առկայության պարագայում սրվել է, եւ դրա հետեւանքով առաջացել է ընկերքի շերտազատում:

«Ինքը զոբով հիվանդ է եղել, եղել է հղիների բարձր ռիսկի խմբի մեջ: Ունեցել է սպի՝ արգանդի վրա, մի երեխային ունեցել է կեսարյան հատումով, երկու անգամ պտուղը հեռացրել եբ, սա իր 4-րդ հղիությունն էր: Արգանդը շատ դեֆեկտավոր էր, նման արգանդով երեխա բերելը հանցագործություն էր: Նրան հակացուցված էր հղիանալը: Ու ինքը մեր մոտ ընդունվում է թունավորումով, արյան մակարդելիությունն իջած էր արդեն»,-ասաց Արմեն Վարդանյանը:

Նշենք, որ շաբաթ եւ կիրակի օրերին ինֆեկցիոն բաժնում սահմանված կարգով հերթապահում է հերթապահ թերապեւտը: Նարինեի ընդունվելու օրը «Արմավիր» ԲԿ-ում հերթապահ թեապեւտը սրտաբան Համլետ Առաքելյանն է եղել, որը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ ինքն արել է ամեն անհրաժեշտ բան՝ հիվանդի վիճակը բարելավելու համար: Բժիշկը տեղեկացրեց, որ քանի որ ինքը տարբեր բաժանմունքներում է լինում եւ չէր կարող անմիջապես տեղեկանալ հիվանդի մասին, պետք էր, որ բաժանմունքի բուժքույրերն իրեն շտապ տեղեկացնեին եւ կանչեին, այնինչ բժշկին հիվանդի մոտ կանչել է նրա ամուսինը:

«Երբ ինֆեկցիոն բաժանմունքում բժիշկ չի լինում, պատասխանատվությունը մեր վրա է ընկնում: Ինչ արվել է, գինեկոլոգի տեղեկացմամբ է արվել, ոչ մի այնպիսի բան չի արվել, որը կարող էր վիճակը վատացնել: Ես անընդհատ ուզեցել եմ հիվանդին էդ վիճակից դուրս հանել, որովհետեւ փսխում էր, դրանից ջրազրվում էր, իսկ դա կարող էր այլ հետեւանքներ ունենալ: Անընդհատ հսկել եմ, ոչ մի արյուն չի եղել: Այդ նույն ժամանակ մեկ ուրիշ հիվանդ եմ ունեցել, տատիկ էր, գնացել եմ իր մոտ, 10-15 րոպե անց ինձ զանգահարեց բուժքույրը, ասեց, որ այդ վիճակն է»,-ասաց Համլետ Առաքելյանը:

Նարինեին հիվանդանոց ընդունած՝ հերթապահ գինեկոլոգ Հասմիկ Հակոբյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքը ստուգել է հիվանդին, նրա մոտ ամեն ինչ նորմալ է եղել: Նա ասաց, որ զբաղված է եղել, այդ պատճառով էլ Նարինեին ոչ թե անձամբ է ուղեկցել, այլ բուժքրոջ հետ է ուղարկել ինֆեկցիոն բաժանմունք:

28-ամյա Նարինեն ուներ մեկ երեխա, որը նոյեմբերի 28-ին կդառնա 7 տարեկան։

Նշենք, որ նրա մահվան փաստով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am