News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Վարդան Պետրոսյանը մինչեւ վթարի պահը ընթացել է ցածր արագությամբ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 23-ին,Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ողբերգական ավտովթարի գործով դատական նիստին հայտարարեց գործով վկա Ռասըմ Ասլանյանը ցուցմունք տալիս։

«Էդ օրը գործից հետո տուն էինք գնում ես ու ընկերս։ Ես շատ դանդաղ էի գնում, տեսա ԲՄՎ-ն, էդ մեքենան էլ շատ դանդաղ էր գնում, երեւի 40 արագությամբ։ Հետո տեսա ԲՄՎ-ն սվետոֆորի տակ կանգնած էր, Եղվարդի ունիվերմագից մի քիչ վերեւ էր։ Ինքը սվետոֆորից շարժվել, գնացել է, հետո  տեսա, որ ԲՄՎ-ի ռադիատորից ծուխ է ելնում, արագացրի մեքենան, որ տեսնեմ՝ ինչ ա եղել, տեսա՝ վթարայինն ա միացրել, մտածեցինք՝ ՃՈ-ն ա կանգնացրել։ Հետո, որ մոտիկ եկանք, տեսանք՝ վթար ա եղել։ Նիվի մեջից մարդիկ գոռում էին՝ օգնեք, օգնեք, չէին կարողանում դռները բացել, սղմվել էին մեքենաները։  Աղջկան ենք մեջից հանել ես ու ընկերս ու դրել մայթին։ Քաշեցինք, բացեցինք, դուռը ջարդեցինք, հանեցինք էն մյուս աղջկան, որին ոչ մի բան չի եղել, հետո հանել ենք Հայկին, շոֆերի կողքն էր նստած։ Հետո սիդելնիկները ջարդել ենք, էդ տղերքին ենք հանել, հետո վարորդին»,- ասաց վկան։

Վկան նաեւ ասաց, որ «Նիվայի» աջ կողային հայելին կոտրել է իր ընկեր Հայկը, երբ փորձել է Հակոբյաններին մեքենայից դուրս հանել, ոտքը դրել է հայելու վրա ու կոտրել։

Դերասանի փաստաբան Նիկոյալ Բաղդասարյանը հիշեցրեց, որ Ասլանյանը նախաքննական ցուցմունքում ասել էր, որ «Նիվայի» կողային հայելիները կոտրել են իրենք, իսկ դատարանում ասաց, որ միայն աջ կողային հայելին է կոտրել իր ընկեր Հայկը, եւ հարցրեց տուժողին՝ ո՞ր ցուցմունքը պետք է հիմք ընդունել։

«Հիմա հիշում եմ, որ աջն ենք մենք կոտրել այդ ձեւով»,- պատասխանեց վկան։

Ասլանյանի խոսքով՝ Հակոբյաններին մեքենայից դուրս հանելուց հետո ինքը մոտեցել է Վարդան Պետրոսյանի մեքենային եւ նրան դուրս հանել մեքենայից. «Հետո գնացել ենք ԲՄՎ-ի մոտ, ոտս դրել եմ, սիդելնիկն եմ հետ քաշում, հետո գոռաց՝ վախ, վախ, ասեց՝ ես Վարդան Պետրոսյանն եմ, շատ բան ա՞ եղել, ասեցի՝ հա, ահավոր բան է եղել, ու էլ բան չասեց, գլուխը գցեց, մտածեցինք՝ մահացել է»։

Վկան հայտարարեց, որ երբ խոսել է Վարդան Պետրոսյանի հետ, նրանից ալկոհոլի հոտ չի առել. «Օղու հոտ չէր գալիս»։

Վարդան Պետրոսյանը վկային հարց չտվեց, միայն շնորհակալություն հայտնեց. «Շնորհակալ եմ, որ ինձ եւ Հակոբյաններին օգնել եք»։

Ամբաստանյալի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի հարցին, թե նախկինում ճանաչել է տուժողներ Արթուր եւ Հայկ Հակոբյաններին, վկան պատասխանեց, որ գիտի որպես «աշտարակցի»։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդան Պետրոսյանը 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում, Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան ուղղությամբ վարելիս «ԲՄՎ-320» մակնիշի մեքենայով բախվել է կայանած «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետնամասին։ Վթարի հետեւանքով «Վազ-21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ էդվարդ եւ էդգար Հայկի Հակոբյանները մահացել են, ուղեւորներ Տաթեւիկ Հակոբյանը, Հայկ Հակոբյանը, էմմա Հակոբյանը, ինչպես նաեւ վարորդ Արթուր Հակոբյանն ստացել են վնասվածքներ: Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը,  որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»։ Տուժող կողմը փորձում է ապացուցել, որ Վարդան Պետրոսյանը վթարի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ եւ գերազանցել է թույլատրելի արագությունը։ Դերասանը հերքում է այդ վարկածը եւ իրեն հերթին փորձում է ապացուցել, որ տուժող կողմի մեքենան կայանած է եղել ոչ թե ճանապարհի կողնակին, այլ երթեւեկելի գոտում, ունեցել է անսարքություններ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սյունիքում հիվանդանոց տեղափոխվելիս շտապօգնության ավտոմեքենայում մահացել է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի զինղեկը
Մարտի 15-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 21։40-ի...
Պերուի դատախազությունը ժամացույցների հավաքածուի պատճառով նախագահին կասկածել է կոռուպցիայի մեջ
Պերուի գլխավոր դատախազությունը նախնական հետաքննություն է սկսել...
Հայտնի է Սյունիքում 4 մարդու կյանք խլած ավտովթար-հրդեհի զոհերի ինքնությունը. Վարորդը ոստիկանության աշխատակից էր
«ՎԱԶ 2106»-ի վարորդը աշխատում է ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության Ջերմուկի բաժնում հերթապահ մասի...
Գեղարոտ-Ծիլքար ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան շերտում
Մարտի 19-ին` ժամը 07:21-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության...
Ավտովթար՝ Սիսիան-Գորիս ճանապարհին. Բախումից հետո «ՎԱԶ»-ում հրդեհ է բռնկվել. կա 4 զոհ. վիրավորի վիճակը ծանր է
Մարտի 19-ին, ժամը 05:40-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Եղբայրներով ծեծել են տաքսու վարորդին, վնասել մեքենան. Նրանցից մեկը դանակահարել է տաքսու կին ուղեւորին
Կենցաղային հարցերի շուրջ վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ. կան ձերբակալվածներ...
Ամենաշատ