Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի վրա հարձակման դեպքի հետեւում կանգնած են իշխանությունները: Այս մասին այսօր` դեկտեմբերի 11-ին, Արամ Մանուկյանի հետ կատարվածի վերաբերյալ այսպիսի մեկնաբանություն տվեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով` վերջին օրերին տեղի ունեցած դեպքերը կապված են եւ ինքն արդեն այս մասին տեղեկացրել է դեսպանատներին:

«Սա իսկապես կապակցված շղթա է, իշխանությունները բացահայտ գնում են ահաբեկչական գործողությունների: Իհարկե, նրանք ովքեր հարձակման են ենթարկվել, խնդիր չունեն ոչ իրենց պատրաստակամության, ոչ ոգու հետ: Իշխանությունների հաշվարկով` սրանով պետք է հասարակ ժողովուրդը վախենա, բայց չեն հասկանում, որ սրանով սրում են ժողովրդի ատելությունը»,- նշեց Զուրաբյանը:

Նա հայտնեց, որ ոստիկանությունն արդեն առգրավել է միջադեպի տեսագրությունը եւ կարող է մեկ րոպեում պարզել հանցագործությունը կատարած անձի ինքնությունը:

Նշենք, որ Արամ Մանուկյանի վրա հարձակվել են այսօր երեկոյան ժամը 20:00-ի սահմաններում: Իրենց շենքի մուտքում պատգամավորի դիմաց է դուրս եկել միջին տարիքի մի տղամարդ եւ սկսել հարվածել: Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ էլ ծեծի են ենթարկվել ազատամարտիկներ Ռազմիկ Պետրոսյանը, Մանվել Եղիազարյանը, Սուրեն Սարգսյանը: