Տավուշի մարզի Մովսես գյուղում փետրվարի 4-ին ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից վիրավորված 85-ամյա Լեւոն Անդրեասյանին ոտքի վիրահատությունից հետո արդեն հիվանդասենյակ են տեղափոխել: NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ փետրվարի 10-ին, Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում բուժվող պապիկը պատմեց, թե ինչպես է կարողացել վիրավոր ոտքով նստել ավանակին լծված սայլն ու հողամասից մի կերպ հասնել գյուղ:
«Գոմաղբ էի տանում, որ հողամասում ցրեմ ու գամ: 40 մետր տարածություն կար, որ հասնեի, ճամփին սնայպերը խփեց, կպավ ոտիս, հետո կպավ ուղիղ իշի ոտին: Ընկա ճամփի միջին, տեսա՝ մեշոկներին ա խփում: Հետո, որ հանդարտվեց, ոտս կապեցի արագ, էդ իշու հետեւից լաֆետ կար, մի ոտս լավ էր, գցեցի առաջը, ներս ընկա լաֆետը: Հետո էշը երեք ոտով, քաշելով բերավ ինձ տեղ հասցրեց: Բերավ, ինձ տարավ գյուղի հիվանդանոցը, փաթաթեցին ու ճանապարհեցին Բերդ»,- պատմեց պապիկը:
Լեւոն պապը, որ գրեթե ամբողջ կյանքը Մովսեսում է ապրել, չի հիշում, որ գյուղը նախկինում նման կրակահերթի տակ եղած լինի, ինչպես վերջին մեկ տարում է:
Լեւոն պապի խոսքով՝ մովսեսցիների 20 հեկտար հողատարածքները, որ 2 կմ են հեռու հակառակորդի դիրքերից, հնարավոր է՝ այս տարի ակտիվացած կրակահերթի պատճառով անմշակ մնան:
Թեեւ Երեւանում որդիներին ու թոռներին պապիկն ավելի հաճախ է տեսնում, բայց արդեն հասցրել է կարոտել հայրենի գյուղը, որտեղ նրան իր սիրելի կինն է սպասում:











