News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


1990 թվականի սեպտեմբերի 20-ին ներքին գործերի նախարարության կազմում ստեղծվեց Հատուկ գունդը: Հիմնական խնդիրներն էին՝ սահմանամերձ շրջանների պաշտպանությունը, հասարակական կարգի պահպանության եւ բնակչության անվտանգության ապահովումը, բնական, բնապահպանական աղետների, արտադրական խոշոր վթարների դեպքում փրկարար աշխատանքների եւ բնակչության տարհանման կազմակերպումը, բանդիտիզմի, խմբակային զինված հարձակումների ու ընդհարումների կանխարգելումը, պարեկային ծառայության կազմակերպումը: Գնդին զինվորագրվեցին հայրենիքին նվիրված հայորդիներ, որոնք հետագայում մասնակցեցին ամենածանր մարտերին:

1990 թվականի հոկտեմբերից մինչեւ 1991 թվականի հունիսը Հատուկ գնդի վաշտերը սահմանային պաշտպանական խնդիրներ էին լուծում՝ միաժամանակ մասնակցելով հասարակական կարգի պահպանությանը:

Հատուկ գնդի տղաներն իրենց սխրանքներով փառավոր էջեր ավելացրին ոչ միայն հայոց նորագույն պատմության, այլեւ Հայաստանի ներքին գործերի նախարարության պատմության մեջ:

Մարտական հարուստ ու արժանապատիվ կենսագրություն կերտածներից մեկն էլ ազգային հերոս, Հատուկ գնդի առաջին վաշտի հրամանատար, միլիցիայի ավագ Ջիվան Աբրահամյանն էր:

Հայաստանի ազգային հերոս, Հատուկ գնդի առաջին վաշտի հրամանատար, միլիցիայի ավագ Ջիվան Աբրահամյանի մասին ռեպորտաժ պատրաստելու նպատակով մեր ստեղծագործական խումբը եղավ նրա տանը:

Տան մի հատվածը թանգարանի է վերածվել. այստեղ ամեն իր մասունք է՝ ապրեցնող հիշողություն, հավերժի հետ խոսող հայորդու հերոսական կյանքի վկայություն...

«Ջիվանը մեծ հոգու տեր մարդ էր,-ասում են թանգարան-սենյակում հավաքված մարտական ընկերները: - Մեզ խնայում էր, իրեն՝ երբեք»:

Այս սենյակում ամեն իր հերոսի մասին հիշողություն է պահում: Նրա բազմաթիվ խրախուսանքներն են, նաեւ առաջին զենքն է՝ հրացանը, նրանից անբաժան սվին-դանակն է, ինքնաձիգի փամփշտակալները: Իսկ այս դանակը սպի ունի հերոսին խոցած գնդակներից...

1991 թվականի հուլիսի 6-ին, մարտական առաջադրանքով, Շահումյանի շրջանում դեսանտ իջեցվեց Հատուկ գնդի 1-ին վաշտը՝ Ջիվան Աբրահամյանի հրամանատարությամբ: Վայրէջք կատարելով Գյուլիստանի օդանավակայանում՝ ոտքով հասան Էրքեջ: Նախ պետք է տեղակայվեին այդ գյուղում, այնուհետեւ, ըստ իրադրության փոփոխության՝ տեղափոխվեին Մանաշիդ:

Իրավիճակը շատ ծանր էր. հակառակորդը հրետանային կրակի տակ էր պահում դիրքերը: Ջիվան Աբրահամյանն առաջնահերթ սկսեց լուծել պաշտպանական կառույցների հարցը: Դրան զուգահեռ՝ անցավ տակտիկական պարապմունքների: «Նա հիմնական շեշտը դրել էր կրակային պատրաստության վրա,- հիշում են մարտական ընկերները: - Հանգիստ չուներ. դասակից դասակ էր անցնում, ոգեւորում տղաներին, բարձրացնում նրանց մարտական ոգին, սրամիտ կատակներով բարձրացնում նրանց տրամադրությունը: Նաեւ պահանջկոտ էր. խիստ զայրանում էր, երբ ինչ-որ բան ճիշտ չէր արվում»:

Ջիվան Աբրահամյանի մայրը՝ Ադեն, ինչպես կոչում էին նրան Ջիվանն ու ընկերները, յուրօրինակ մարտական ընկեր է եղել որդու համար: Նրանց տունը զինապահեստի էր վերածվել, զենք պատրաստելու արհեստանոցի, իսկ Ադեն տղաների հետ պայթուցիկ սարքեր էր պատրաստում...

1991 թվականի հուլիսի 20-ն էր: Այդ օրը խորհրդային բանակի ստորաբաժանումներն ամբողջ թափով հարձակվեցին Շահումյանի հայկական պաշտպանական ուժերի վրա: Մարտերն ընթանում էին հակառակորդի մեծաթիվ ուժերի ու տեխնիկայի գերակայությամբ: Ջիվան Աբրահամյանի վաշտը Վերիշենի պաշտպանական շրջանում էր:

Կեսօրին «տագնապ» հայտարարվեց: Խորհրդային հրամանատարությունը փորձում էր ուղղաթիռներով դեսանտ իջեցնել Վերիշեն գյուղի մոտակա դաշտում: Ջիվան Աբրահամյանն արագ պաշտպանություն կազմակերպեց:

Վաշտը դիրքավորվեց մի քանի ուղղություններով: Շուտով երեւացին հակառակորդի ուղղաթիռները:

Ջիվան Աբրահամյանը մարտիկների առջեւ խնդիր դրեց՝ ամեն գնով խափանել դեսանտի իջեցումը: Կարողացա՛ն: Մութն ընկնելուն պես ուղղաթիռները հեռացան:

Ողջ գիշեր վաշտը մնաց դիրքերում. Ջիվան Աբրահամյանը դիրքից դիրք էր անցնում, գոտեպնդում մարտական ընկերներին:

... Լույսը բացվում էր: Մարտիկները հետեւում էին հակառակորդի տեղաշարժին:

Հեռվում երեւացին տանկերը: Իսկ րոպեներ անց առջեւից եկող զրահամեքենան խոցվեց Ջիվան Աբրահամյանի կրակոցից: Հակառակորդի կրակահերթն ուղղվեց Ջիվան Աբրահամյանի ուղղությամբ: Հաջորդեցին Ջիվանի կրակոցները, հետո դասակի հրամանատարներից մեկը շարքից հանեց եւս մեկ տանկ...

Ջիվան Աբրահամյանի վաշտը կռվում էր հերոսաբար՝ թույլ չտալով հակառակորդի առաջխաղացումը: Ի վերջո, հակառակորդը, կորուստներ կրելով, նահանջեց մարտադաշտից: Անհավասար մարտն ավարտվեց. վաշտի տղաները վազեցին այնտեղ, ուր դիրքավորվել էին Ջիվանը, Կոլյան ու Վարդանը:

Երեքն էլ զոհվել էին: Անմահացե՛լ: Հիմա դարձյալ կողք կողքի են՝ Եռաբլուրում...

Այս բարձունքն ուրիշ խորհուրդ ունի, այստեղ այցելելիս ուժեղանում ես, անքննելի հավատով լցվում: «Եռաբլուրը մեր համար սրբատեղի է, այստեղ հանգչող տղաներից շատերին անձամբ գիտենք,- ասում են Ջիվան Աբրահամյանի զինվորները ու հիշում անցած մարտական ուղին, զոհված ընկերներին, հրամանատարին...

Նրա զոհվելուց հետո վաշտի տղաները երդվեցին՝ ով որդի ունենա՝ անունը Ջիվան է դնելու: Հիմա տասը տղա Ջիվան են՝ հերոսի պատվին...

Եռաբլուրն ուխտատեղի է հերոսի մոր համար: Հպարտություն, տխրություն, կարոտ հոգում միախառնած՝ որդու հետ մի պահ առանձնանում է ու լուռ խոսում հետը...

ՀՀ ոստիկանություն

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ