Մանվել Գրիգորյանը տեղյակ չէ՝ նախօրեին ինչ միջադեպ է եղել Ազատության հրապարակում, որին, ըստ դրա հետեւանքով տուժած ազատամարտիկ Յուրի Աթոյանի, մասնակցել են Մանվել Գրիգորյանի աջակիցները, հարձակվել ազատամարտիկի վրա:
«Ես էնտեղ չեմ եղել, բայց եթե արել են, մի հատ էլ պիտի թքեն վրեն: Էնի ազատամարտիկ չի, էշին ձիուց տարբերեք, տենց մարդկանց չեն հարվածել, թքել են վրեն, որ պետք լինի, մի հատ էլ կթքեն»,- այսօր՝ դեկտեմբերի 6-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին Ազատության հրապարակում միջադեպ էր տեղի ունեցել, ինչի հետեւանքով բերման էր ենթարկվել 3 քաղաքացի: Շուրջօրյա հավաքի մասնակից, գյումրեցի ազատամարտիկ Յուրի Աթոյանը NEWS.am-ին պատմել պատմել էր, որ անհայտ անձինք հարձակվել են իր վրա, հարվածել եւ վիրավորել իրեն: Նա հավաստիացրել էր, որ երիտասարդները ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի աջակիցներն են եղել:
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»-ի փոխանցմամբ, հարձակվողները եղել են «Երկրապահ կամավորականների միության» Գյումրիի եւ Էջմիածնի կառույցների 12-15 անդամներից բաղկացած մի խումբ՝ Գյումրիի կառույցի ղեկավար Յուրա Ալեքսանյանի գլխավորությամբ:











