Հունիսի 4-ի գիշերն Վանաձորի Հարկային տեսչության շենքի դիմաց պայթյուն է տեղի ունեցել: Ոստիկանությունից NEWS.am-ին տեղեկացրին, որ հունիսի 4-ի գիշերը ժամը 01:10-ին ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ Հարկային տեսչության շենքի դիմաց պայթյուն է եղել, ինչի հետեւանքով վնասվել է շենքի ճակատային մասում տանիքի մի հատվածը, մուտքի դռան ապակիները ջարդվել են: Պարզել է, որ գործող հարկային տեսչության դռան աղբամանում տեղադրված անհայտ իրի պայթյունի հետեւանքով է շենքը վնասներ կրել:
Վանաձորում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է , որ դեպքի վայրում այս պահին աշխատում են ոստիկանության եւ քրեական հետախուզության աշխատակիցները, փորձաքրեագետներ:
Դեռեւս հայտնի չէ, թե ով կամ ինչու է փորձել պայթեցնել շենքը: Այս պահին արդեն իսկ հարկային տեսչության աշխատակիցները փորձում են մաքրել ու հավաքել կոտրված ապակիներն ու տանիքի կտորները: