Իրանի արտաքին գործերի նախկին նախարար, երկրի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով նախկին խորհրդական Ալի Աքբար Վելայաթին կոշտ քննադատության է ենթարկել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականությունը։ Իրանական «Ettelaat» թերթում «Բաց և անկեղծ՝ պարոն վարչապետին» վերնագրով հրապարակված հոդվածում նա հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունների գործողությունները հանգեցնում են Արևմուտքից՝ մասնավորապես ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և Մեծ Բրիտանիայից երկրի կախվածության մեծացմանը։

Վելայաթին իր դիրքորոշումը շարադրել է 25 կետով։

«Որքանով ինձ հայտնի է, հայերի և իրանցիների հարաբերությունների երկարամյա պատմության ընթացքում՝ պարթևական թագավորության դարաշրջանից սկսած ավելի քան երկու հազար տարվա փոխգործակցության մեջ, երբևէ նման շեղումներ չեն նկատվել։

Արտաքին գործերի նախարարի պաշտոնում պաշտոնավարմանս տարիներին ես այցելել եմ Հայաստան և Երևանից մեկնել Էջմիածին (ներկայիս Վաղարշապատ)՝ հայերի հոգևոր կենտրոն։ Այնտեղ հանդիպել եմ հայ ականավոր հոգևոր գործիչների, եպիսկոպոսների ու քահանաների հետ։

Այնտեղ ես երկու եկեղեցի տեսա։ Դրանցից մեկը հոգևորականության նստավայրն էր, որտեղ էլ հանդիպեցի հայ հոգևորականների հետ։ Ուղիղ դիմացը գտնվում էր մյուս եկեղեցին՝ կառուցված մեծն շահ Աբբասի կողմից։ Այն շատ գեղեցիկ էր ու տպավորիչ։

Երբ դեռ ուսանողական տարիներին առաջին անգամ այցելեցի Սպահան, գնացի Ջուղա թաղամաս և տեսա Վանքի տաճարը, որը հայերի համար կառուցել էր շահ Աբբաս Սեֆյանը։

Ուսումնասիրելով երկու երկրների հարաբերությունները՝ ես դրանցում երբեք մութ էջեր չեմ նկատել։

Ռուս-պարսկական երկրորդ պատերազմի ժամանակ, որն ավարտվեց Թուրքմենչայի պայմանագրի ստորագրմամբ, Հայաստանն անջատվեց Իրանից և դարձավ Ռուսաստանի մաս։

Վերոնշյալ իրադարձություններից հետո Իրանը երբեք ոտնձգություն չի կատարել այս երկրի և նրա ժողովրդի անկախության դեմ։ Հայաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության հարաբերությունները միշտ բարեկամական են եղել։

Ես ծանոթ եմ հայկական քաղաքական կուսակցություններին ու խմբերին և անձամբ հանդիպել եմ դրանց որոշ առաջնորդների հետ։ Իրանում՝ թե՛ հեղափոխությունից առաջ, թե՛ դրանից հետո, հայ փոքրամասնությունը միշտ հարգանք է վայելել։ Հայերն Իսլամական Հանրապետության խորհրդարանում ունեն երկու ներկայացուցիչ։

Խորհրդային Միության փլուզումից և 15 անկախ հանրապետությունների կազմավորումից հետո Իրանի Իսլամական Հանրապետության հարաբերությունները նախկին խորհրդային բոլոր հանրապետությունների հետ եղել են բարեկամական և բնականոն՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դրանցից որոշների կողմից անբարյացակամ վերաբերմունք է դրսևորվել։

2018 թվականի այսպես կոչված թավշյա (կամ գունավոր) հեղափոխության ժամանակ՝ հետևելով որոշ այլ հանրապետությունների, օրինակ՝ Ղրղզստանի և Վրաստանի օրինակին, Նիկոլ Փաշինյանը փորձեց տապալել Հայաստանի նախկին կառավարությանը, որը սերտորեն համագործակցում էր Մոսկվայի հետ։

Նիկոլ Փաշինյանի նոր կառավարության գործունեության կործանարար հետևանքներից մեկը դարձավ Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության միջև թշնամանքի խորացումը, որն այսօր հասել է առավել մեծ սրության, քան երբևէ։

Սակայն վերջին շրջանում պարոն Փաշինյանը դիմել է քայլերի, որոնք Հայաստանին պառակտումից և խնդիրներից բացի ոչինչ չեն բերի։

Հայ ժողովրդի շահերի դեմ ուղղված բացասական գործողությունների ամբողջությունը կարելի է հակիրճ բնութագրել որպես արևմտյան քաղաքականությանը՝ հատկապես Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի քաղաքականությանը հպատակվելու ուժեղացում՝ լիբերալ-դեմոկրատական համակարգի շրջանակում, որտեղ չկա ո՛չ իսկական լիբերալիզմ, ո՛չ էլ ժողովրդավարություն։

Փաշինյանի վարքագիծը, հաշվի առնելով նրա բարդ անցյալը, թշնամանքի և լարվածության նոր էջ է բացում Հարավային Կովկասում։

Ավելի քան ութ տարի շարունակ նա շփումներ է պահպանել և թե՛ բաց, թե՛ գաղտնի բանակցություններ է վարել բոլոր շահագրգիռ կողմերի հետ, որոնք հավակնում են պահպանել անվտանգությունը կամ, հակառակը, խաթարել այն։

Այսօր նրա հարաբերություններն Ադրբեջանի Հանրապետության, Իրանի, Թուրքիայի և, հնարավոր է, ապագայում նաև Վրաստանի հետ անկայուն են ու անկանխատեսելի։

Նրա վերջին քայլը հազար դեմք ունեցող մարդու (Թրամփի) չհիմնավորված և չմտածված առաջարկի հաստատումն էր՝ Զանգեզուրի միջանցքը «Թրամփի երթուղի» կամ TRIPP վերանվանելու վերաբերյալ։

Երկու առանձին հանդիպումների՝ Թեհրան ժամանած Հայաստանի արտաքին գործերի փոխնախարարի և Թեհրանում Հայաստանի դեսպանի հետ հանդիպումների ժամանակ ես նրանց ուղիղ ներկայացրել եմ իմ դիրքորոշումը։

Ես նրանց ասել եմ հետևյալը. Իրանի Իսլամական Հանրապետությունը տեղյակ է Ուկրաինայի հետ կապված Ռուսաստանի խնդիրների մասին։ Ուստի Հայաստանը կարող է սխալվել հաշվարկներում և որոշել, որ ուկրաինական պատերազմում ներգրավված լինելու պատճառով Ռուսաստանն ավելի քիչ ուշադրություն կդարձնի Հարավային Կովկասի անվտանգությանը։

Հենց այդ պատճառով էլ հարցազրույցներից մեկում ես հայտարարել եմ, որ Իրանը՝ Ռուսաստանի հետ թե առանց նրա, իրեն պատասխանատու է համարում Հարավային Կովկասի անվտանգության ապահովման համար։ Ինչպես մեծն Կյուրոսի ժամանակներից մինչև մեր օրերը, Կովկասը՝ ընդհուպ մինչև Դաղստանի Դերբենդ քաղաքը, Իրանի համար ծառայել է որպես անվտանգության բուֆերային գոտի։

2021 թվականի հունիսին Թեհրանում կայացած Աստանայի ձևաչափով գագաթնաժողովում, որտեղ ինձ պատիվ էր վիճակվել ներկա գտնվել հանգուցյալ հոգևոր առաջնորդի կողքին (թող Ալլահը սրբագործի նրա հոգին), նա պարոն Էրդողանի հետ առավոտյան հանդիպման և պարոն Պուտինի հետ երեկոյան հանդիպման ժամանակ ուղիղ հայտարարեց.

„Մենք դեմ ենք Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը“։

Արտաքին քաղաքականության և երկրի կարևորագույն հարցերի վերաբերյալ հանգուցյալ հոգևոր առաջնորդի ռազմավարական հայտարարություններն Իրանի Իսլամական Հանրապետության կարմիր գիծն են։

Նշված երկու հանդիպումներից հետո Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը բավականին լայնածավալ զորավարժություններ անցկացրին։ Այդ ժամանակ Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հանգուցյալ պետն այցելեց գործողության անցկացման շրջան՝ ի ցույց դնելու այդ ուժն ու վճռականությունը։

Վերջին միտքը ես ուղիղ ասացի Հայաստանի դեսպանին. եթե Թրամփն ու նրա դաշնակիցները փորձեն հատել Իրանի այս կարմիր գիծը, մենք կկոտրենք նրանց ոտքերը։

Անցած շաբաթվա վերջին Հայաստանի խորհրդարանը հավանություն տվեց այդ միջանցքի կառուցմանը։ Ի՞նչ է նշանակում այս քայլը։

Նիկոլ Փաշինյանի և նրա հետևորդների այս անպտուղ գործողությունն իսկապես նվաստացման պատճառ կդառնա արժանապատիվ հայ ժողովրդի համար, որն ունի չափավորության և ողջամիտ մոտեցման վաղեմի քաղաքական ավանդույթ»։