News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 29
Տեսնել լրահոսը

Ֆրանսիացի գրող Սիլվեն Թեսոնը Ֆրանսախոսության օրերի շրջանակում կայցելի Հայաստան։

Գալիք միջոցառմանն է նվիրված մամուլի ասուլիսը, որը տեղի է ունեցել մարտի 13-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում։

Ինչպես մամուլի ասուլիսը բացելիս  տեղեկացրեց Ֆրանսիայի Արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դեկոտինյին, օրերը նվիրվելու են հայ նշանավոր դիվանագետ (մահացել է անցած տարի) Քրիստիան Տեր-Ստեփանյանին։

Դեսպանն ընդգծեց Հայաստանի ակտիվ մասնակցությունը Ֆրանսախոսության միջազգային կազմակերպությանը՝ հիշեցնելով, որ ֆրանսերենը հանրապետությունում տարածվածությամբ երրորդ լեզուն է ռուսերենից եւ անգլերենից հետո։ Դիվանագետի խոսքով՝ Հայաստանի մասնակցությունը կազմակերպությանը, որը գտնվում է բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում, կընդլայնի շփման հորիզոնները ֆրանսերեն խոսողների հետ, որոնց թիվը 144 մլն է։ Հայաստանը իր հուշարձաններն է բացում օտարերկրացիների առջեւ՝ ցուցադրելով, թե ինչպես կարող է երկիրը վերածնվել լեզվի եւ մշակույթի միջոցով։ Դեսպանը հիշեցրել է, որ հոկտեմբերի 4-ին Ֆրանսիայում տեղի է ունենալու կազմակերպության հերթական գագաթաժողովը, որին մասնակցելու է Հայաստանը։ Ֆրանսախոսության օրերի շրջանակում տեղի կունենան ավելի քան 30 միջոցառումներ՝ կինոյի, թատրոնի, ժամանակակից արվեստի, երաժշտության ժանրերում։ Կարեւոր է, որ միջոցառումները տեղի են ունենալու ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ Գյումրիում, Գավառում եւ Վանաձորում։

ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Ռոզենկրանցը նշել է, որ ֆրանսախոսությունը ոչ միայն լեզվի, այլեւ արժեքների մասին է։ «Յուրաքանչյուր երկիր իր ավանդն է ներդնում։ Հայաստանն այն երկրներից է, որի ավանդը հատկապես հատկանշական է՝ հաշվի առնելով նրա ոչ մեծ չափերն ու լեզուն կրողների փոքրաթվությունը։ Հայաստանը բաց է բոլոր այլ մշակույթների համար։ Փոխադարձ հարստացումը թույլ է տալիս ստեղծել համամարդկային արժեքներ, ինչը ցուցադրում է Հայաստանը»,- ընդգծել է դեսպանը։

ԱԳՆ բազմակողմ քաղաքականության եւ համագործակցության զարգացման վարչության պետ Դավիթ Կնյազյանը տեղեկացրել է, որ Երեւան կայցելի հայտնի ֆրանսիացի գրող Սիլվեն Թեսոնը։ Մարտի 18-ին Ազգային գրադարանում տեղի կունենա նրա ստեղծագործության մոտիվներով նկարահանված «Սեւ ճանապարհին» ֆիլմի ցուցադրությունը։ Այնուհետեւ կկազմակերպվի քննարկում Թեսոնի մասնակցությամբ։ Միջոցառումների լրիվ ցանկը առաջիկա օրերին կհրապարակվի ՀՀ ԱԳՆ կայքում։

Նշենք, որ Հայաստանում ավելի քան 62 հազար աշակերտ սովորում է ֆրանսերեն, գործում են ֆրանսերենի դասավանդմամբ 250 դպրոցներ, լիցեյներ եւ համալսարան։ 2027թ. Հայաստանը կընդունի Ֆրանսախոսության խաղերը, որոնց կմասնակցի ավելի քան 4 հազար ներկայացուցիչ 50 երկրներից։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ