News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

Մալթայի նախկին վարչապետ Ջոզեֆ Մուսկատը մեղադրվում է կոռուպցիայի մեջ՝ հիվանդանոցների սեփականաշնորհման սկանդալի առնչությամբ, որը ժամանակին հետաքննում էր սպանված հետաքննող լրագրող Դաֆնե Կարուանա Գալիցիան։

Ըստ Ֆրանսպրեսի վկայակոչած փաստաթղթերի՝ Մուսկատին մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու, հանրային կոռուպցիայի և փողերի լվացման մեջ: Նա այդ մեղադրանքներն անվանել է «ֆանտազիա և սուտ» և հայտարարել, որ ինքը քաղաքական վենդետայի զոհ է դարձել:

Մալթայի ապագա Եվրահանձնակատար համարվող Մալթայի փոխվարչապետ Քրիս Ֆերնեն, ինչպես նաև երկրի ֆինանսների նախկին նախարար և ներկայում Մալթայի կենտրոնական բանկի կառավարիչ Էդվարդ Սցիկլունան մեղադրվում են խարդախության, յուրացումների և խարդախ եղանակով շահույթ ստանալու մեջ:

Հետաքննության առարկա դարձած սեփականաշնորհման գործարքի ժամանակ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցրած Ֆերնը հայտարարել է, որ «բացարձակապես կասկած չուներ, որ դատարանը ոչինչ չի գտնի, բացի իմ լիակատար անմեղությունից»: Սցիկլունան չի մեկնաբանել մեղադրանքները, սակայն ավելի վաղ ժխտել է իրավախատումներում իր մեղսակցությունը:

Մուսկատի աշխատակազմի նախկին ղեկավար Քիթ Շեմբրին, ինչպես նաև նախկին նախարար Կոնրադ Միցզին մեղադրվում են փողերի լվացման, կաշառք շորթելու և կոռուպցիայի մեջ: Երկու նախկին պաշտոնյաներն էլ ժխտում են առաջադրված մեղադրանքները։

Մեղադրանքներն առաջադրվել են Մուսկատի կառավարության՝ երեք պետական ​​հիվանդանոցների կառավարումը մասնավոր Vitals Global Healthcare ընկերությանը հանձնելու 4 միլիարդ եվրո արժողությամբ գործարքի շրջանակում 2015 թվականին ընդունված որոշման առնչությամբ երկարատև հետաքննությունների արդյունքում:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ