News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 29
Տեսնել լրահոսը

Հնդկաստանում սկսվել է համընդհանուր խորհրդարանական ընտրությունների յոթ փուլերից չորրորդը։ Ինչպես տեղեկացրել է ընտրական հանձնաժողովը, քաղաքացիները կարող են իրենց ձայնը տալ 10 նահանգների եւ դաշնակցային տարածքների (երկիրը բաժանվում է 28 նահանգների եւ 8 դաշնակցային տարածքների) 96 ընտրատեղամասերում։

Քվեարկությունն սկսվել է տեղի ժամանակով ժամը 07.00-ին, տեղամասերը կփակվեն 18.00-ին։ Ընտրողներն իրենց ձայները կտան Անդհրա-Փրադեշ, Բիհար, Ջարկհանդ, Արեւմտյան Բենգալիա, Մադհյա-Փրադեշ, Մահարաշթրա, Օդիշա, Թելանգանա, Ութար-Փրադեշ նահանգներում, ինչպես նաեւ Ջամու եւ Քաշմիր դաշնակցային տարածքում։ Այս փուլում քվեարկելու իրավունք ունեն ավելի քան 177 մլն քաղաքացիներ։ Ընտրական հանձնաժողովի ավելի քան 1,9 մլն աշխատակիցներ կաշխատեն 192 հազար տեղամասերում։

 Ջամու եւ Քաշմիրում համընդհանուր խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենում առաջին անգամ 2019 թվականից հետո, երբ Նյու Դելին հայտարարել էր Ջամու եւ Քաշմիր նահանգի լուծարման եւ դրա տեղում երկու դաշնակցային տարածք (նահանգից ավելի քիչ իրավունքներ ունեցող վարչական միավոր) ստեղծելու մասին. առաջինը Ջամու եւ Քաշմիրն էր, երկրորդը՝ Լադակհը։ Այդ նպատակով Հնդկաստանի  խորհրդարանը հաստատել է սահմանադրության 370-րդ հոդվածի չեղարկումը, որը նահանգին հատուկ կարգավիճակ էր տալիս։ Այս որոշման դեմ հանդես են եկել Ջամուի եւ Քաշմիրի բնակիչները, ինչպես նաեւ հարեւան Պակիստանը, որը վերահսկում է Քաշմիրի մի մասը։ Քվեարկությունն այստեղ իրականացվում է անվտանգության միջոցների խստացման պայմաններում։

Չորրորդից հետո դեռ երեք փուլեր էլ կան՝ մայիսի 20-ին, 25-ին եւ հունիսի 1-ին։ Ընտրությունների արդյունքները հայտնի կդառնան հունիսի 4-ին։ Ձայնի իրավունք ունեն 18-ը լրացրած բոլոր քաղաքացիները 1,4 մլրդ բնակչություն ունեցող երկրում։ Ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ գրանցվել է 968 մլն ընտրող, 497 մլն տղամարդ եւ 471 մլն կին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ