News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

«Ժառանգության» ցուցակի մաս կազմող կուսակցությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ, այսօր` ապրիլի 13-ին, շարունակել են իրենց նախընտրական հանդիպումների շարքը: Այսօր նրանք այցելել են Արագածոտնի մարզի Ապարան, Քուչակ, Մուղնի, Կոշ, Ուջան, Բյուրական, Ագարակ, Օշական, Ոսկեվազ, Աշտարակ, Պռոշյան բնակավայրեր:

Հանդիպումների ընթացքում ելույթ են ունեցել Րաֆֆի Հովհաննիսյանը, ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, «Ժառանգության» շտաբի պետ Խաչատուր Քոքոբելյանը, «Ժառանգության» ցուցակի այլ անդամներ՝ ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը, բլոգեր Իզաբելա Աբգարյանը, Կրիստինե Թամարյանը:

Հանդիպումների ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանը նշել է, որ մայիսի 6-ին առաջին անգամ Հայաստանի պատմության անհավանականը կդառնա հավանական, փոքրամասնությունը ի դեմս «Ժառանգության» կդառնա մեծամասնություն, իսկ մեծամասնությունը՝ փոքրամասնություն: «Եւ կտեսնեք, թե որքան հեշտ ենք մենք իրավիճակ փոխելու եւ ժողովրդի համար հաստատելու արժանավայել կյանք»,-ասել է նա:

«Ժառանգության» առաջնորդը նաեւ բարձր է գնահատել «Ժառանգության» պատգամավորների գործունեությունը անցած 5 տարիների ընթացքում, նշելով, որ նրանք միշտ եղել են ժողովրդի կողքին, լուծել թե առանձին քաղաքացիների եւ թե ամբողջ խմբերի խնդիրները:

Արմեն Մարտիրոսյանն անդրադառնալով սոցիալական եւ տնտեսական խնդիրներին ասաց. «Ոնց որ այս 5 տարիների ընթացքում տեր ենք կանգնել 2007-ին տված մեր խոստումներին, այնպես էլ շարունակելու ենք դա անել նոր խորհրդարանում: Ձեւավորելով նոր իշխանություն մենք վերացնելու ենք ստվերը եւ բյուջե չվճարված, կամ այնտեղից գողացված միլիարդները  վերադարձնելու ենք ժողովրդին բարձր թոշակների եւ արժանապատիվ աշխատավարձերի տեսքով»:

Խոսելով ազատ եւ արդար ընտրություններ ապահովելու մասին՝ Ազգային Ժողովի նախկին փոխխոսնակ, քաղբանտարկյալ Կարապետ Ռուբինյանը նշել է. «Հիմա ընտրարաշավը դեռ չսկսած՝ գզիրներն ընկել են տնետուն, անձնագրերը հավաքում են, կաշառք են բաժանում ու եկել են՝ մեզ ասում են, որ նման բաներից հեռու ենք, ասում են՝ եկեք շտաբ ստեղծենք, որոշենք, որ արդար ընտրություններ են լինելու»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ