News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանն ու նաեւ աշխարհի շատ երկրներ ապրիլի 24-ին նշում են XX դարի առաջին` Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցը:

Հիշատակի արարողություններ են տեղի ունենում շատ երկրներում, ողջ աշխարհը հիշում է մարդկության դեմ կատարված այդ հրեշավոր ոճիրը, երբ Օսմանյան կայսրությունում սպանվեցին մեկուկես միլիոն անմեղ հայեր, հարյուր հազարավորները տառապանքների ենթարկվեցին եւ արտաքսվեցին:

Շատ երկրներում Թուրքիայի դեսպանատների առջեւ նախատեսված են բողոքի ակցիաներ. կատարվածից գրեթե հարյուր տարի անց էլ Անկարան շարունակում է ժխտել ցեղասպանության փաստը:

Գլխավոր միջոցառումները կանցկացվեն Երեւանում` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիրում:  Հայաստանի ղեկավարությունը, Ամենայն Հայոց կաթողիկոսը, պետական եւ հասարակական ինստիտուտների ներկայացուցիչներ, հարյուր հազարավոր քաղաքացիներ եւ մայրաքաղաքի հյուրեր ապրիլի  24 –ին  Ծիծեռնակաբերդի բարձունքում իրենց հարգանքի տուրքը կմատուցեն ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ապրիլի 23-ի երեկոյան  Երեւանում տեղի ունեցավ ավանդական ջահերով երթը:  Հազարավոր մարդիկ, դրոշներով եւ պաստառներով,  հավաքվել էին Երեւանի կենտրոնում`  իրենց բողոքը հայտնելու Թուրքիայի ժխտողական քաղաքականության վերաբերյալ: Հանրահավաքի անցկացումից եւ թուրքական դրոշն այրելուց հետո, նրանք շարժվեցին դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Հիշեցնենք, որ ցեղասպանության փաստն ընդունել են աշխարհի մի շարք երկրներ: Առաջինը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է Ուրուգվայը` 1965 թ-ին: Նրա օրինակին հաջորդել են Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեյցարիան, Շվեդիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան եւ ԱՄՆ-ի 42 նահանգներ:

Հայոց ցեղասպանության 94-րդ տարելիցի նախօրեին Երեւանն ու Անկարան  հայտարարեցին երկկողմ հարաբերությունների կարգավորման մասին: Սակայն մեկ տարի անց, 2010թ. ապրիլի 22-ին հայկական կողմն ստիպված էր հայտարարել 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների վավերացման գործընթացի կասեցման մասին` դա բացատրելով թուրք պաշտոնյաների ապակառուցողական դիրքորոշմամբ եւ նրանց կողմից արձանագրությունների վավերացման ձգձգումներով: Թուրքիան, մասնավորապես,  Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը պայմանավորում էր ղարաբաղյան հակամարտությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ