News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Անթիլիասի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում, այսօր` ապրիլի 24-ի առավոտյան, մատուցվել է հանդիսավոր Սուրբ Պատարագ եւ հոգեհանգստյան արարողություն նվիրված Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Արտաքին գործերի նախարարությունից NEWS.am-ին հայտնեցւն, որ  Անթիլիասի Նահատակաց հուշարձանի առջեւ ներկաներին իր հայրապետական պատգամն է փոխանցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն: Այնուհետեւ Նահատակաց հուշարձանի մոտ տեղի է ունեցել ծաղկեպսակների զետեղման հանդիսավոր արարողություն: Ծաղկեպսակներ են զետեղվել Հայաստանի դեսպանության, Հայոց ցեղասպանության 100-ամյակի կենտրոնական մարմնի, քաղաքական կուսակցությունների եւ ազգային բոլոր կառույցների կողմից: Անթիլիասի մայրավանքից կազմակերպվել է Մեծ Եղեռնի 97-ամյակին նվիրված բազմահազարանոց քայլարշավ բողոքի ցույց  դեպի Թուրքիայի դեսպանատուն:

Նույն օրը Ս. Գրիգոր Լուսավորիչ Հայ կաթողիկե պատրիարքարանի ճեմարանի բակում նախատեսված է Սուրբ Պատարագ Մեծ Եղեռնի նահատակների հիշատակին: Պատարագը կմատուցվի Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ-ի կողմից: Այնուհետեւ պատրիարքարանի բակում տեղադրված հուշակոթողի մոտ կզետեղվեն  ծաղկեպսակներ:

Ապրիլի 24-ին Լիբանանյան «The Daily Star» անգլալեզու օրաթերթում տպագրվել է «Ժխտումը ցեղասպանության պես արատավոր է» (Denial as bad as genocide) հոդվածը, որտեղ զետեղվել են Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանի հարցազրույցի որոշ հատվածներ: Հայաստանի դեսպանն անդրադարձել է Հայոց ցեղասպանության խնդրին եւ նշել է, որ չնայած հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին, Թուրքիան շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը եւ պատմության աղավաղումը: Դեսպանը հավելել է, որ ցեղասպանության ժխտումը պետք է դատապարտվի մարդկության կողմից եւ համարվի ցեղասպանության շարունակություն: Նա Հայաստանի իշխանությունների երախտագիտությունն է հայտնել Լիբանանին Հայոց ցեղասպանությունը խորհրդարանի մակարդակով ճանաչելու համար:

Նշենք, որ այսօր` ապրիլի 24-ին ողջ աշխարհի հայությունը նշում է 1915-23 թթ Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցը: 1915 թվականի այս օրը Օսմանյան Թուրքիայի ղեկավարության հրամանով սպանվեց Ստամբուլի մտավորականությունը, այնուհետեւ տեղի ունեցան զանգվածային կոտորածներ: Երկրի ողջ հայ բնակչությունը տեղահանվեց իր բնօրրանից ու քշվեց դեպի Դեր Զորի անապատները, ճանապարհին ոչնչանալով: Ցեղասպանությանը զոհ գնաց 1,5 մլն հայ:

Հիշեցնենք նաեւ, որ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչվել է բազմաթիվ երկրների կողմից: Առաջինը 1965 թվականին դա արել է Ուրուգվայը, որի օրինակին հետեւել են Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ԱՄՆ 42 նահանգներ: Հայոց ցեղասպանությունը ճանաչել է նաեւ Վատիկանը, Եվրախորհրդարանը եւ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ