News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
Տեսնել լրահոսը

21-ամյա Լիլիթի եւ նրա արդեն նախկին ամուսնու համատեղ կյանքը 3 տարի էլ չի տեւել, քանի որ ամուսինը համատեղ կյանքի ընթացքում ռոմանտիկ երիտասարդից վերածվել է հաշվենկատ, բռի անձնավորության եւ անընդհատ ծեծի ենթարկելով Լիլիթին, փորձել է հասնել իր ուզածին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց ինքը` Լիլիթը եւ համաձայնեց ներկայացնել իր պատմությունը, որպեսզի նման իրավիճակում հայտնված կանայք ստեղծված իրավիճակից դուրս գալու օրինակ տեսնեն:

Նրա ներկայացմամբ, երբ ինքը հեռացել է ամուսնուց, վերջինս սպառնացել է, որ հետ չվերադառնալու դեպքում նախկին կնոջը կզրկի երեխայից կամ կսպանի Լիլիթի հորը կամ եղբորը:

Այս զույգի հանդիպումը տեղի է ունեցել համալսարանում, որտեղ նրանք միասին են սովորել: Տղան ծառայությունից հետո շարունակել է ուսումը եւ նկատելով Լիլիթին սկսել վերջինիս ակնակնկալներով հետապնդել: Լիլիթը, օրինակ, պատմում է, որ տղան մեծ փուչիկ է փչել եւ օդում պայթեցրել իր համար, երբ անցել է: Ծաղիկներ է ուղարկել, նամակներ գրել: Այդ ժամանակ Լիլիթը 19 տարեկան է եղել եւ տպավորվել է այդ անակնկալներով: Աղջկա ծնողները սկզբում թույլ են տվել, որ Լիլիթն այդ տղայի հետ ընկերություն անի, բայց շփվելով տղայի հետ հետո դեմ են արտահայտվել:

Սակայն աղջիկը չի լսել ծնողների հորդորը եւ փախել է սիրած տղայի հետ: Փախչելուց հետո 1 շաբաթ ապրել են Երեւանում, հետո վերադարձել տղայի ծնողների մոտ: Տղան, թե այն ժամանակ, թե հիմա չի աշխատում: Նա միշտ սպասողական դրության մեջ է եղել, թե իրեն կդասավորեն զինվորական կամ իրավական համակարգում աշխատելու:

Նրանց համատեղ կյանքի ընթացքում, չանցած 1 ամիս, ընտանեկան խնդիրներ են ծագել. հիմնականում տղան մոր հետ գումարային խնդիրներ է ունեցել, անընդհատ գումար է պահանջել: Ի դեպ, տղայի հայրը Ռուսաստանում արտագնա աշխատանքի է եղել, իսկ մայրը չի աշխատել: Իսկ երբ մայրը նեղսրտել է, տղան կնոջը պահանջել է իրերը հավաքել, որ հեռանան, սակայն մինչեւ ուշ գիշեր փողոցներում թափառելուց հետո էլի վերադարձել են տուն:

Սկեսուրն էլ իր հերթին Լիլիթին անընդհատ երեսով է տվել, թե իր ամուսնու քրտինքով վաստակած հացն են ուտում: Լիլիթը պատմում է, որ երբ տեսել է, որ ամուսինն անսկզբունքային է, էլ չի համաձայնել նրա հետ տնից հեռանալ, ինչն ավելի է բորբոքել նրան:

«Նյարդայնանում նեղվում էր, տան իրերն էր շպրտում, ջարդում: Անգամ, երբ հեռախոսը չէր ջարդվում պատուհանից էր գցում կամ մուրճով այնքան էր խփում մինչեւ կոտրվեր»,- վերհիշում է Լիլիթը: Նրա փոխանցմամբ, ամուսինը հոգեկան հիվանդ չի եղել, բայց շատ նարդային էր: Ըստ Լիլիթի, ամուսինը չի խմել, չի ծխել, բայց ժամանակի մեծ մասը անցկացրել է ինտերնետ ակումբներում խաղեր խաղալով: Գիտակցելով հանդերձ, որ կինը չի աշխատում, Լիլիթից գումարներ է սկսել պահանջել, բնականաբար նրա զարդերը, հագուստները, կոսմետիկան վաճառելուց հետո:

Լիլիթը ասում է, որ ամուսնական մատանին նույնիսկ 10 օր չի կրել: «Ասում էր, թե քեզ վրա այդքան գումար եմ ծախսել ` պետք է հետ տաս այդ գումարը: Նկատի ուներ, որ ինչ-որ տեղ է տարել ինձ, իր է գնել կամ հարազատներիցս ինչ-որ մեկի ծնունդն է եղել նվեր է գնել: Նույնիսկ խաբեց, թե վիրահատվում է 100 հազար իր, 100 հազար էլ իմ ծնողներից պահանջեց, բայց այդպես էլ չվիրահատվեց: Անգամ կոշիկներով ծեծել է եւ պահանջել, որ զանգեմ իր հոր շեֆից գումար ուզեմ, ստելով, թե լուրջ խնդիրներ կան: Իսկ երբ չէի անում, այնքան էր ծեծում մինչեւ անեմ»,- անկեղծացավ Լիլիթը:

Ստեղծված իրավիճակում Լիլիթը իր սխալը հանդուրժողականությունն է համարում: Նրա խոսքով, սկզբում մտածել է, որ երբ երեխան ծնվի, ամուսինը կուղղվի, նրա մոտ պատասխանատվության զգացում կարթնանա, բայց երեխայի ծննդից հետո ավելի ագրեսիվ է դարձել: Ամեն դեպքում Լիլիթը երկար է մտածել բաժանվի ամուսնուց, թե` ոչ, քանի որ վերջապես զգացմունքներ են եղել: Սակայն իրականությունը հաղթել է զգացմունքներին: Աղջիկը հասկացել է, որ նրան ներելով պարզապես դաժան հիշողություններն է ավելացնելու եւ ամուսնալուծության հայց է ներկայացրել դատարան:

1 տարեկան 2 ամսական երեխան Լիլիթի հետ է: 5 ամիս է ինչ ամուսնալուծության հայց է ներկայացրել, որին հաջորդել են ամուսնու վերը նշված սպառնալիքները: Սակայն «Կանաց իրավունքների կենտրոնը» Լիլիթին, թե հոգեբանական, թե իրավական մեծ աջակցություն է ցուցաբերում, ինչի արդյունքում Լիլիթը ուժ է հավաքել ներկա պահին դիպլոմայինի վրա է աշխատում, որ իր եւ իր երեխայի համար բարեկեցիկ եւ արժանի կյանք ապահովի:

Հ.Գ. Այն բոլոր կանայք, ովքեր ընտանիքում ենթարկվում են հոգեբանական, ֆիզիկական, տնտեսական բռնության եւ ունեն իրավաբանական կամ հոգեբանական անվճար խորհրդատվության կարիք կարող են դիմել «Կանանց իրավունքների» կենտրոնի 24 ժամ գործող թեժ գծի հետեւյալ համարին` 010 54 28 28:

 

Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը

 

 

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ