News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայաստանում մեկնարկել են Լեհաստանի օրերը: Ինչպես լրագրողներին այսօր` ապրիլի 25-ին հաղորդել է Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին, մշակութային միջոցառումների շարքը կշարունակվի ապրիլի 25-ից մինչեւ մայիսի 31-ը:

Առաջին միջոցառումը տեղի կունենա այսօր` ժամը 19.00-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում, որտեղ դասախոսություն կընթերցվի լեհական ժամանակակից գրականության դասական Զբիգնեւ Հերբերտի մասին: Հաջորդ օրը նույն տեղում կներկայացվեն  ХХ դարի լեհ բանաստեղծների ստեղծագործությունների հայերեն թարգմանված ժողովածուները: Միջոցառումների շարքում նախատեսված է նաեւ լեհական ժամանակակից ֆիլմերի ցուցադրություն:

«Լեհական ամսվա» ընթացքում երեւանյան մետրոյի վագոնների պատերին փակցված կլինեն լեհական պոեզիայի ստեղծագործություններ:

Լեհական պոեզիայի  մասին  դասախոսություն կկարդա Կրակովի Յագելոնյան համալսարանի պրոֆեսոր, հայագետ Անջեյ Պիսովիչը, ով այսօր հայերենով ազատ շփվում էր լրագրողների հետ: Հենց Պիսովիչն է դարձել հայերենից լեհերեն առաջին գրքային թարգմանության հեղինակը. 90-ականների կեսերին նրա թարգմանությամբ տպագրվել է հայ նշանավոր լեզվաբան Ռաֆայել Իշխանյանի գիրքը տպագիր  հրատարակչությունների մասին:

Նշենք, որ երկու կողմերի ընթերցողները միմյանց գրականությանը ծանոթացել են նաեւ ավելի վաղ. Միցկեւիչի հայտնի  «Պան Թադեուշի» հատվածները հրատարակվել են XIX դարավերջին: Միցկեւիչի չափածո թարգմանություններով զբաղվել են արեւմտահայ դասականներ Դանիել Վարուժանը եւ Ռուբեն Զարդարյանը, ովքեր թարգմանել են «Կոնրադ Վալենրոդը» եւ  «Բուդրիսն ու որդիները» բանաստեղծությունը, որը ռուս ընթերցողին հայտնի է պուշկինյան թարգմանությամբ: Ավելի ուշ հայ գրական միջավայրում լայն տարածում ստացավ Հենրիկ Սենկեւիչը. նրա գրքերի շուրջ 70 թարգմանություն է հրատարակվել:

Թարգմանություններում, մասնավորապես ռուսերենից, Լեհաստանում հրատարակվել են  Չարենցի եւ Գեւորգ Էմինի բանաստեղծությունները, ինչպես նաեւ «Սասուցի Դավիթ» էպոսը: Ներկայումս լեհ հայագետներն ուղղակի թարգմանությունների վրա, ինչպես նաեւ  ուսումնասիրում են  Լեհաստանում միջնադարյան գաղութների հայկական ձեռագրերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ