News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

Յուրմալայում հուլիսին կայանալիք «Նոր ալիք 2012-ի» երգի մրցույթին Հայաստանը կներկայացնի երգիչ Սուրեն Առուստամյանը, ով մասնակցել էր նաեւ 2011թ-ի նախընտրական փուլին:  Այս տարի մոսկովյան ժյուրին նրան գերադասել է երգչուհիներ Լիլիթ Հովհաննիսյանից, Հռիփսիմե Հակոբյանից, Լուսինե Աղաբեկյանից ու Մերի Մնջոյանից:

Ներկայացնում ենք NEWS.am-ի հարցազրույցը «Արսա» խմբի մենակատար, «Հայ սուպերսթար» նախագծի մասնակից Սուրեն Առուստամյանի հետ:

Ի՞նչ ակնկալիքներով էիք մեկնել Մոսկվա: Ժյուրիի որոշումը անակնկա՞լ էր, թե՞ համոզված էիք, որ հաղթելու էիք:

Մեկնել էի հաղթանակի տրամադրվածությամբ ու նաեւ  մտածում էի, որ ժյուրին ինձ կընտրի: Չեմ կարող ասել` անակնկա՞լ էր, թե՞ ոչ, ամեն դեպքում ես պատրաստված էի գնացել:

Հատկապես ինչի՞ համար ձեզ ընտրեցին, ինչո՞վ գերեցիք մոսկովյան ժյուրիին:

Հույսս դրել էի լավ կատարման, լավ ելույթի վրա եւ ստացվեց լավ ելույթ, այդ պատճառով ժյուրիին դուր եկավ:

Իսկ ի՞նչ երգեր կատարեցիք:

Կատարեցի Eric Clapton-ի «Change the world», Joe Cocker-ի «Unchain my heart», «Հայուհի գեղեցիկ», «Միթե դու» երգերը: Իգոր Կրուտոյն ասաց, որ Հայաստանի թիմը շատ ուժեղ է  եւ շատ հնարավոր է, որ այս տարի նույնպես հաղթի: Ես էլ լավ տրամարդրված էի լավ ելույթին, ամեն ինչ առայժմ ստացվեց;

Ինչպե՞ս ելույթ ունեցան ձեր հայաստանյան մրցակիցները եւ ի՞նչն էր պատճառը, որ նրանք չընտրվեցին, այլ Դուք: Ինչպիսի՞ն էր մրցակցությունը  մյուս երկրների ներկայացուցիչների միջեւ:

Պատճառն այն էր, որ իմ ելույթն ավելի լավն էր, իսկ նրանց կատարումների մասին երեւի ես չէ, որ պետք է խոսեմ: Լավ կատարողներ, բնականաբար, կային տարբեր երկրներից, կար մրցակցություն, ես հաղթահարեցի դա:

Ինչպե՞ս ընդունեցին Ձեզ Մոսկվայում` «Նոր ալիք-2012»-ի նախընտրական փուլում` հաշվի առնելով, որ նախորդ տարի ինչ-որ վիրավորական արտահայտություններ էին թույլ տվել:

Այս տարի լրիվ այլ էր, ամեն ինչ նորմալ էր:

Ե՞րբ է կայանալու «Նոր ալիքի» եզրափակիչ փուլը, ի՞նչ երգ եք ներկայացնելու եւ ինչպե՞ս եք նախապատրաստվում: Ի՞նչ եք պատարստվում անել հաղթանակի համար:

Հուլիսի վերջին է կայանալու, երգերը դեռ պարզ չեն, քննարկվում են, որոշվում է: Պետք է երեք երգ ներկայացնել` մի հատ համաշխարհային հիթ, մի հատ քո երկրի հիթը. մի հատ էլ հեղինակային կամ օրիգինալ երգ: Չեմ կարող ասել, թե ինչպես են լինելու նախապատրաստական աշխատանքները եւ որտեղ, ընթացքում պարզ կլինի: Իսկ հաղթանակի հասնելու համար պատրաստվում եմ լավ ելույթ ունենալ:

Ի՞նչ առաջարկներ, ծրագրեր կան: Նոր երգեր, տեսահոլովակներ, ձայնասկավառակ սպասի՞ հանդիսատեսը ձեզանից:

Այդ մասին վաղ է խոսել, ընթացքում կլինեն, այժմ ակումբներում եմ համերգներով հանդես գալիս, երբեմն մասնակցում ենք բացօթյա ռոք համերգների: Հիմա իմ երգերի վրա եմ աշխատում, կան երգեր, որոնք ձայնագրված են, կան, որ մինչեւ վերջ պատրաստ չեն, դրանց վրա եմ աշխատում, որ ձայնագրեմ: Կոնկրետ ժամկետ չեմ կարող ասել տեսահոլովակաների, ձայնասկավառակի համար:

Մի քիչ էլ անդրադառնաք ձեր անցած ուղուն: Մինչ «Հայ սուպերսթարին» մասնակցելը,  ակումբներում համերգներով էիք հանդես գալիս, հայ երգարվեստի դռները հե՞շտ բացվեցին ձեզ համար:

Ես 18 տարեկանից արդեն խումբ ունեցա ու սկսեցինք ակումբներում հանդես գալ, ներկայացնելու բլյուզ, ռոք ժանրերի համաշխարհային հիթեր, կամաց-կամաց մի քիչ ավելի ճանաչում ստացանք ու արդեն ոչ թե մի, այլ մի քանի տեղ էինք նվագում, համերգներին գալով` մարդիկ սկսեցին ճանաչել, հետո մասնակցեցի «Հայ սուպերսթար» նախագծին եւ այդ ամեն ինչը ավելի ընդլայնվեց:

Քանի որ ստեղծագործում եք բլյուզ եւ ռոք ոճերում, կարելի է ենթադրել, որ «Նոր ալիքում» եւս այդ ոճերում հանդես կգաք:

Իմ մաներան, ստիլը պահելով, անպայման մի հետաքրքիր բան եւս կավելացնենք, մի հետաքրքիր բան կստացվի, դա փոփ ժանրի մրցույթ է, կլինեն նոր բաներ, բայց նաեւ հինը կլինի, միքս կլինի:

Կարծես ռոք լսողների թիվը տարեցտարի ավելանում է, իսկ բլյուզ լսողների՞նը:

Բնականաբար, բլյուզը այն երաժշտությունն է, որը հասանելի  եւ շատ հոգեհարազատ է բոլորին, գնալով ավելի շատ մարդիկ են լսում բլյուզ, մենք համոզվում ենք հենց մեր համերգներով, ես այդ աճը արդեն զգում եմ, եւ ոչ միայն ես:

Որպես երիտասարդ ստեղծագործող, ում ճանապարհը դեպի երգարավեստ եղել է  շատ սովորական, այսինքն` առանց հովանավորյալներ, հարուստ խնամի-ծանոթ-բարեկամ հարաբերությունների եւ այլն: Ի՞նչ խոչընդոտներ եւ դժվարություններ  եք հաղթահարել:

Խոչընդոտներ եւ դժվարություններ բնականաբար եղել են, որոնք հաղթահարել եմ աշխատասիրությամբ, ձգտելով,  նպատակասլացությամբ, գնալ դեպի նպատակների իրականցում, աշխատասիրությունն է օգնում հաղթահարել դժվարությունները եւ առաջ գնալ:

Ո՞րն է ձեր հաջողության գաղտնիքը:

Անկեղծությունը:

Մի քիչ կպատմեք ձեր եւ ձեր անձնականի մասին, օրինակ` հետաքրքրություններ, ընտանիք եւ այլն: Բեմ դուրս գալուց առաջ ի՞նչ եք անում:

Շատ եմ սիրում բռնցաքամարտ, 10 տարի զբաղվել եմ, մեկ-մեկ հիմա էլ գնում եմ լիցքաթափվում: Ընտանիքիս անդամներին շատ եմ սիրում, քւոյր ունեմ, ամուսնացած չեմ: Կարող է մի լավ երաժշտություն լսեմ օրինակ Էրիկ Քլեփթոնի կատարումներից ու նոր դուրս գամ բեմ:

Զրուցեց` Ինգա Մարտինյանը

Տպել
Ամենաշատ