News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավն ընթանում է ծույլ, իսկ կուսակցությունները ձեւ են անում, թե քարոզչություն են իրականացնում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ռազմական փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

«Անում են, որովհետեւ պետք է անեն, ժամանակը դրա վրա ծախսեն եւ ցույց տան, թե իբր քարոզարշավ են անում, բայց ձեւավորելով զուգահեռ իրականություններ, որոնք հանկարծ չհատվեն իրար հետ, ամեն ձեւով խուսափում են դեբատներից: Աշխատում են հեռու մնալ կարծիքների բախումներից, որպեսզի սեփական «կոնցեպցիան» դրանից չտուժի»,- նշել է քաղաքագետը եւ հավելել. «Դա վերաբերում է առաջին հերթին Հանրապետական կուսակցությանը, եւ նաեւ մյուս ուժերին: Հաճույքով դեբատներին մասնակցություն է ունենում «Ժառանգությունը», մասամբ Դաշնակցությունը, մյուսները խուսափում են»:

Հարցին, թե ի՞նչ ընթացք կունենան ընտրությունները, Ռուբեն Մեհրաբյանը պատասխանել է. «Համենայն դեպս, կարող եմ ասել, որ ընտրակեղծիքների մեքենան կոտրված չէ: Խնդիրը, որ պետք է ստանար համակարգային լուծում, լուծված չէ: Հատկապես դա վերաբերում է ընտրողների ցուցակներին, իշխանությունը խուսափում է զտել, մաքրել բացակայողների եւ մահացածների անունները` հղում անելով տարբեր օրենքների»:

Քաղաքագետը նաեւ կարծում է, թե ակտիվ հետընտրական զարգացումներ չեն լինի: «Համենայն դեպս, չեմ տեսնում հետընտրական ակտիվ զարգացումներ կազմակերպող քաղաքական ուժի, որը պատրաստակամ է լինելու ուղղորդել այդ զարգացումները: Ակտիվ հետընտրական զարգացումների առանձնապես չեմ սպասում»,- նշել է Մեհրաբյանը:

ԱՊՀ Երկրների ինստիտուտի Հայկական մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովն իր հերթին գնահատելով քարոզարշավի ընթացքը, նշեց. «Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ բոլոր ուժերին, եւ խոշոր, եւ նրանց, ովքեր գրեթե շանս չունեն անցնելու խորհրդարան, հնարավորություն է տրված ներկայացնելու սեփական կարծքիները եւ լուսաբանված լինել տարբեր տեսակի outlet-ներում»:

Քաղաքագետի կարծիքով, այս քարոզարշավը քայլ առաջ է, քանի որ քաղաքական ուժերի համար նախկին պես խոչընդոտներ չեն ստեղծվում. «Այժմ տեսնում ենք իրական քայլ առաջ, որը բավական կարեւոր է ինչպես ներքին կյանքում, այնպես էլ արտաքին աշխարհի հետ հարաբերություններում»: Խոսելով քարոզարշավի վերջին շաբաթվա մասին` Մարկարովը նկատեց. «Բնականաբար, հաշվի առնելով ընտրարշավի տրամաբանությունը, այն թեժանում է, եւ ուժերը փորձում են ոչ միայն ավելի ակտիվ` քարոզելով սեփական դրույթներն ընտրազանգվածի մեջ, այլեւ փորձում են իրականացնել խոշոր ակցիաներ խոշոր կենտրոններում, որը հնարավորություն կտա չկողմնորոշված ընտրողների վրա ազդեցոթւյուն գործել»:

Քաղաքագետը կարծում է, որ «որոշ ուժեր հայտնելու են իրենց դժգոհությունը պաշտոնական արդյունքների դեմ, բայց ընդհանուր առմամբ, համեմատելով անցյալի հետ, կարելի է ասել, որ դժվար թե կարելի է ակնկալել այն գործողությունները, որոնք դուրս հանեն մարդկանց եւ անել այն գործողությունները, որ տեղի են ունեցել տարիներ առաջ»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ