Արաբկիրի թիվ 4/27 ընտրատեղամասի մոտ ընտրակաշառք բաժանվելու ահազանգի հիման վրա նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ Հատուկ քննչական ծառայություն եւ հարուցվել է քրեական գործ: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբն ընտրակաշառք բաժանելու հիմքով Արաբկիրի բաժին բերման է ենթարկել քաղաքացի Արմեն Մաթեւոսյանին, ում մոտ` պայուսակում եւ գրպանում, հայտնաբերվել է համապատասխանաբար 380 000 եւ 128 000 դրամ գումար, ինչպես նաեւ` նոթատետր` տարբեր քաղաքացիների մասին գրառումներով: Պարզվել է, որ Ա. Մաթեւոսյանը գումար է տվել երկու հոգու՝ համապատասխանաբար 35.000 եւ 15.000 դրամ, որպեսզի վերջիններս եւ նրանց ընտանիքի անդամները քվեարկեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին: Միջոցներ են ձեռնարկվում Ա.Մաթեւոսյանից ընտրակաշառք ստացած այլ քաղաքացիների շրջանակը պարզելու ուղղությամբ:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ Հատուկ քննչական ծառայություն: Հարուցվել է քրեական գործ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ թիվ 4/27 ընտրատեղամասում ԲՀԿ կուսակցության օգտին ընտրակաշառք բաժանելու մեղադրանքով բերման է ենթարկվել Արմեն Մաթեւոսյանը:
Բացի այդ, ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազի մամլո քարտուղար Սոնա Տռուզյանը NEWS.am-ին հայտնել էր, որ ահազանգ է ստացվել, որ Ներքին Չարբախի երրորդ փողոցի բնակիչը նշել է, որ իրենց թաղամասի ԲՀԿ շտաբի պետը վերցրել է իր եւ իր կնոջ անձնագրային տվյալները, որի դիմաց առաջարկելով 20 հազար դրամ ընտարակաշառք, որպեսզի քվեարկեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, իսկ մեծամասնականով` ԲՀԿ թեկնածու Լյովա Խաչատրյանի օգտին:
Հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերը ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն:


























